25-ամյա վարորդի մեքենայի ուղղությամբ արձակած կրակոցների փաստով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ օրերս Տավուշի մարզի Չորաթան գյուղում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է քաղաքացիներից մեկի մեքենան, որով նա գնացել էր ավազ բերելու: Ինչպես Armlur.am-ին տեղեկացրել էր գյուղապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը, բնակիչներին, բարեբախտաբար, փամփուշտները չեն դիմել:

Քննչական կոմիտեից տեղեկացանք նաև, որ ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Այսպես, 2014 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում, որտեղ ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի և նրա մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս մեքենայի վրա առաջացել են հրազենային վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։ Կատարվում է նախաքննություն։

Զննության է ենթարկվել ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան, սակայն դեպքի վայրում առայժմ չի հաջողվել կատարել զննություն՝ կյանքի համար վտանգավոր լինելու պատճառով։




Լրահոս