ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՄԻՇՏ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ»

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ժողովրդի, հանդիսատեսի սերն ու հարգանքը հնարավոր չէ վաստակել միայն երգելու միջոցով: Ժողովրդական արտիստը ցավով նշեց, որ մեր օրերում հանդիսատեսի պահանջից էլ շատ բան է գալիս, եւ ինչու չէ` նաեւ հանդիսատեսն է մեղավոր, որ մեր երգարվեստում նման վիճակ է տիրում:

-Պարո՛ն Մաթեւոսյան, Ձեր արվեստը մեծապես գնահատվել եւ սիրվել է թե՛ ավագ, թե՛ միջին եւ թե՛ երիտասարդ սերունդների կողմից: Դուք Ձեր հմտությունները տարիներ շարունակ փոխանցել եք երիտասարդ սերնդին: Այժմ էլ դասավանդում եք Երեւանի Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում: Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա երիտասարդ սերունդի մասին:
-Շատ շնորհալի ուսանողներ ունեցել եմ եւ ունեմ հիմա էլ: Նրանք ինձ մոտ գալիս են սովորելու համար: Չեմ կարողանում հիշել մի դեպք, որ նրանք դասի չգան: Ես նրանց սովորեցնում եմ ոչ թե երգել, այլ ինչպես երգել: Նրանք աստիճանաբար պետք է հասկանան, թե ինչը կարող են երգել, ինչը` ոչ: Դա շատ կարեւոր է: Ինձանից կախված ամեն ինչ անում եմ, որ ճիշտ ճանապարհին կանգնեն: Ներկայացնում եմ բոլոր դրույթները պրոֆեսիոնալ երգիչ դառնալու համար: Ինքս պրոֆեսիոնալ արվեստի ջատագովն եմ: Ունեցել եմ 250-ից ավել ուսանողներ: Նրանցից շատերը կարողացրել են յուրացնել իրական արվեստի նրբությունները, ճիշտ են ընկալել իմ խորհուրդներն ու հորդորները: Լավ ճանապարհի վրա եմ դրել նրանց եւ ժողովուրդն արժանի կերպով գնահատել է: Երիտասարդ սերունդին պետք է միայն ճիշտ ուղղորդել:
-Շատ հաճախ ճիշտ ուղղորդելն էլ չի փրկում: Քիչ չեն դեպքերը, երբ նոր ասպարեզ մտած երգիչը որակով երգ ու երաժշտություն է ներկայացնում, բայց իր գործունեության կեսից ոճային փոփոխությունների է ենթարկվում` տուրք տալով կոմերցիոն նկատառումներին: Այդ դեպքում ստացվում է, որ Ձեր եւ շատ արժանի ուսուցիչների ջանքերը կորում են:
-Իրականում հաճախ է լինում այդպես: Արդեն նշեցի, որ ամեն ինչ անում եմ, որ պահպանվի մեր անաղարտ երգարվեստը, ուսանողներիս նվիրվում եմ մեծ սիրով, բացատրում ու ներկայացնում այն նրբությունները, որոնք օգնում են կայանալ, իսկ թե ինչպես են նրանք այդ ամենը յուրացնում եւ ներկայացնում ժողովրդին, արդեն չեմ կարող մեկնաբանել:
-Մտավախություն չունե՞ք, որ այսպես շարունակվելու դեպքում, որոշ ժամանակ անց մենք պարզապես կկորցնենք մերը` տուրք տալով օտարահունչ մեղեդիներին, որոնք գնալով ավելի համատարած են դառնում մեր այսօրվա երգարվեստում:
-Մեր երգարվեստն այն աստիճան որակյալ է եւ բազմադարյա, որ մենք պետք չունենք ուրիշներին կրկնելու: Չենք ձուլվի երբեք օտարներին: Անհիշելի ժամանակներից մեզ են թալանում ուրիշները: Խոսքը միայն հողեր, տարածքներ թալանելու մասին չէ: Արվեստն էլ են թալանում: Մենք բազմիցս ենք ականատես եղել դրան, որ թալանել ու թալանում են մեզ, մեր մաքրամաքուր երգն ու երաժշտությունը:
Մենք այն բացառիկ երգն ու երաժշտությունն ունենք, որը թույլ է տալիս ընդամենը երեք նոտայով այնպիսի մեղեդի ստեղծել, որը կարող է երաժշտական գոհար դառնալ: Այդ երեք նոտայի շուրջ հյուսվող երաժշտությունը կարող է սերունդներին հիացնել:
-Հանդիսատեսը երբեմն դժգոհում է անորակ երաժշտությունից, բայց երբեմն էլ` մեծ հաճույքով ունկնդրում իրեն հրամցվող «ռաբիսն» ու թուրքաարաբական կլկլոցները: Ի՞նչ պետք է անել` բարձր հանրային ճաշակ ձեւավորելու համար:
-Ինչպես երգարվեստում կան արվեստագետներ եւ արհեստ ներկայացնողներ, այնպես էլ հանդիսատեսի շրջանում կան տարբեր նախասիրություններ, նպատակներ եւ ճաշակներ ունեցողներ: Հանդիսատեսը պետք է քաղաքակիրթ լինի: Խրախճանքի գնացողը չպետք է համարվի հանդիսատես: Երբեմն սպորտային հագուստով եւ առահասարակ ոչ համապատասխան տեսքով մարդիկ գնում են տարբեր միջոցառումների, անհասկանալի դեմքով նայում են անհայտ ուղղությամբ: Այդ տեսակ մարդկանցից բարձրաճաշակություն ակնկալելն անգամ անիմաստ է: Իրական արվեստագետներն ունեն իրենց տեղն ու դերը, իսկ մնացածի մասով կարող եմ ասել, որ ժամանակը կհանի նրանց այն տեղից, որտեղ ակամայից ու առանց անհրաժեշտության են հայտնվել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՏՈՆԵՑ 22-ԱՄՅԱԿԸ
Նախօրեին դերասանուհի Լիա Զախարյանը տոնել է իր ծննդյան 22-ամյակը: Լիան ծննդյան տոնակատարությունը սկսել է նշել դեռեւս կեսգիշերին, այնուհետեւ շարունակել համալսարանում, իսկ տոնական օրը եզրափակել է ընկերների շրջապատում:

 

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ «ԵՐԵԿՈՅԱՆ ՈՒՐԳԱՆՏ»-ՈՒՄ
Նախօրեին «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հերթական հյուրն էր մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հաղորդման ժամանակ Ազնավուրը, ով երեկ երեկոյան համերգ տվեց Մոսկվայում, պատմել է իր կյանքի, արմատների, գործունեության, ապագա պլանների մասին, ափսոսել ռուսերեն չիմանալու համար, ինչպես նաեւ՝ գեղեցիկ նվեր ստացել իր տաղանդը գնահատող հայ երկրպագուներից: Իսկ Իվանի այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում մշտապես լավ տեսք ունենալ, շանսոնյեն պատասխանել է. «Ես շատ չեմ խմում, հետեւում եմ ինձ, այլեւս չեմ ծխում, եւ ամենակարեւորը՝ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սիրում եմ իմ աշխատանքը: Պետք է միշտ սիրահարված լինել ինչ-որ բանի»:

 

ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ
Լեդի Գագան իր երկրպագուների պատվին հրեշի տեսքով նոր դաջվածք է արել մարմնի վրա: Երգչուհին դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի արել այս առիթով, բայց Twitter-յան իր էջում հրապարակել է մի լուսանկար եւ ասել. «Այս դաջվածքս նվիրում եմ իմ բոլոր երկրպագուներին, քանի որ դուք յուրահատուկ ու հավատարիմ երկրպագուներ եք, եւ ես երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»:

 




Լրահոս