ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում անհայտ անձինք հսկայական բարդիներ են հատել: Լուսանկարից պարզ է դառնում, որ կտրված ծառերը առողջ են եղել: Երեւում է՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը «փակվել» է իր աշխատասենյակում ու տեղյակ չէ, թե իր շրջակայքում ով ինչով է զբաղված: Կամ գուցե հենց նրա անմիջական հրահանգով է այդ ամենն արվում:
ՀԱՐՑ. Մի քանի տարի շարունակ գույքահարկը չեմ վճարել: Կցանկանայի տեղեկանալ՝ նման պայմաններում պետք է վճարեմ վերջին 3 տարիների՞ գույքահարկը, թե՞ սկսած այն ժամանակից, երբ չեմ կատարել վճարումներս:
Ռոբերտ Ավետիսյան (70 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով պատկանող, հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1 հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
Երեւանի քաղաքապետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ գույքահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից: Հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի օտարման դեպքում նախկին սեփականատերը պարտավոր է գույքահարկը հաշվարկել եւ ամբողջությամբ վճարել մինչեւ օտարման ամիսը ներառյալ:
ՀԱՐՑ. Սահմանամերձ գյուղի բնակիչ եմ: Երկու երեխաներս բուհի ուսանողներ են: Խնդրում եմ ինձ տեղեկացնել, երեխաներս ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:
Հասմիկ Պապոյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝
4.2. Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50% չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչեւ 0.1 միավոր տարբերությամբ:
Սույն հոդվածով նախատեսված է, որ ուսանողը կարող է օգտվել սահմանված արտոնություններից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
4.3. Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած: Տեղեկացնում ենք նաեւ՝ 04.09.2014թ. ԿԳՆ շրջաբերական է հղել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ՀՀ Տավուշի եւ ՀՀ Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքների ուսանողների ուսման վարձերը զեղչելու մասին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստները տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ բուհերի ռեկտորները ճշգրիտ կերպով կիրականացնեն ընտանեկան նպաստի «Փարոս» համակարգում ներգրավված ընտանիքների ուսանողների հաշվառումը եւ, չխնայելով իրենց բյուջեի միջոցները, կտրամադրեն համապատասխան զեղչեր: