Armlur.am-ը ԼՂՀ դատախազությունից տեղեկանում է, որ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Ստեփանակերտի առաջին ատյանի դատարան` նախագահ Անատոլի Թադևոսյանի վարույթ:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փաստով քրեական գործը Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները հարուցել են հուլիսի 15-ին:
Քրեական գործն ըստ մեղադրանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` լրտեսություն , 316-րդ հոդվածով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով, 183-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով` լրտեսություն, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: