Կառավարության վաղվա իր նիստում հավանության կարժանացնի «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին և այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել հարմար պայմաններ ստեղծել:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքով առևտրականները պետք է փաստաթղթաբանություն ներկայացնեին, սակայն վերջիններս բազմաթիվ բողոքի ակցիաներ անցկացրեցին, և կառավարությունը որոշել է հետաձգել օրենքի այդ հատվածը:
«Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք», – նշված է որոշման մեջ: