ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրություններից հետո ուղերձ է հղել, որտեղ շնորհակալություն է հայտնում իրենց խղճի մտոք քվեարկած քաղաքացիներին:
Ուղերձում ասվում է.
“Հայասատանի հանրապետության քաղաքացիներ
Սիրելի քույրեր եւ եղբայրներ
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում:
Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին եւ իրենց ձայնը տվեցին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի քան 450. 000 հազար մարդ։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները:
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, ովքեր ահռելի աշխատանք կատարեցին, եւ կրկին վստահեցնում եմ, որ գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել իրենց արդյունավետ աշխատանքով եւ պարկեշտությամբ:
Սիրելի ժողովուրդ.
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում, մեծ եւ փոքր համայնքներում ու գյուղերում: Հանդիպել եմ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների հետ: Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին:
Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարեւոր գործ` քան մեր ժողովրդի եւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթեւացնելը: Սա այլեւս իմ կյանքի հիմնական նպատակն է:
Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց եւ քննարկելուց հետ: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եւ ժողովրդի կողմից ընդունելիե: