Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակի հետընտրական առաջին հանրահավաքում, հայտարարել է, որ մայիսի 6-ի ընտրությունը կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ կիրառվել են բազմաթիվ կեղծիքներ: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ կեղծիքները արվել են երկու հիմնական հանգամանքով: Առաջինը, ըստ նրա այն է, որ կեղծող բրիգադներին հրահանգել են առավոտյան ժամը 8-ից գնալ տեղամասեր, քանի դեռ օգտագործվում էր արագ չորացող եւ ցնդող թանաքը, մինչեւ որ նրանք մի քանի տեղամասերում զանգվածաբար կքվեարկեին մի քանի անգամ, եւ մինչեւ որ կսկսեին օգտագործել արդեն շուտ չչորացող թանաքը:
Ընտրակեղծիքի մյուս պարագան, ըստ Լեւոն Զուրաբյանի, դա ընտրակաշառքի եւ սպառնալիքի ներքո մարդկանց ընտրատեղամաս բերելն է:
Զուրաբյանը հայտարարել է, որ ընտրությունը Հայաստանում իշխանությունը դարձրել է կազմակերպված բիզնես, իր բրիգադներով, բրիգադիրներով:
“Եվ ահա մեր նախնական գնահատականների համաձայն, բազմակի քվեարկությամբ եւ պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի եւ ահաբեկման արդյունքում այս ընտրություններում լցոնվել է մոտ 600 հազար ձայն, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը, ասելով, որ մոտ 500 հազարը ըստ իրենց դիտարկումների լցոնվել է ՀՀԿ օգտին, իսկ 50-ական հազարը երկու այլ կուսակցությունների օգտին, որոնց անունը Լեւոն Զուրաբյանը չի տվել, ասելով, թե այդ կուսակցությունների անունը կտան լրացուցիչ ուսումնասիրությունից հետո, որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի: Զուրաբյանը սակայն ասել է, թե ովքեր մասնակցել են ընտրություններին, գիտեն, թե ինչ երկու կուսակցության մասին կարող է լինել խոսքը: Զուրաբյանն ասել է, թե այս ամենը ցույց է տալիս, որ այսօր Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը զբաղված է սեփական ժողովրդին այլասերելով, փչացնելով, ձայնը մի քանի հազար դրամով ծախող զոմբիների:
“Ուստի, այսուհետ մեր միակ գործը պետք է լինի հավաքելով Հայ ազգային կոնգրեսի դրոշի տակ ազնիվ, սկզբունքային, անկաշառ, հոգեւոր քաղաքացիներին, պատերազմ հայտարարել այս իշխանություններին: Մենք պետք է նրանց դեմ կռվենք բոլոր ճակատներում, փողոցներում, եւ խորհրդարանում, բոլոր հրապարակներում”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը: Խորհրդարանում նրանք քուն ու դադար չեն ունենալու, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը, ասելով, թե երբ պետք լինի՝ իրենք քաղաքացիների աջակցությունն են խնդրելու եւ միասին են գնալու խորհրդարան: Նա անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ դիտորդների առաքելության եզրակացությանը: Զուրաբյանը նշել է, թե ուզում է տեղեկացնել, որ առաջին անգամ այդ զեկույցում չեն գրված հայտարարություններ, թե իբր սա առաջընթաց էր նախորդ ընտրությունների նկատմամբ, կամ որ համապատասխանել են համաշխարհային կամ եվրոպական ստանդարտներին: “Ոչ մի նման գնահատական չկա: Սա առաջին անգամ է: Անգամ չեն ասել, որ տեղի ունեցած կեղծիքները եւ օրինախախտումները, նրանց ծավալը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Իսկ սա նշանակում է, որ անգամ Եվրոպական դիտորդները ապշած են ընտրակեղծիքների այն ծավալից, որին նրանք ականատես են դարձել”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, Հայ ազգային կոնգրեսի ուժից էր, որ իշխանությունը ստիպված գնաց այդպիսի կեղծիքների: Զուրաբյանը նշել է, որ նրանց ամենամեծ սարսափը տեղի է ունենում, երբ Կոնգրեսը դուրս է գալիս նրանց դեմ, եւ խորհրդարանում այնպես է անելու, որ իշխանությունն այնտեղից հայտնվի համապատասխան տեղերում, ասել է Լեւոն Զուրաբյանն ու կոչ արել ողջունել Կոնգրեսի այդ փոքրիկ հաղթանակը: