«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տնտեսական ակտիվությունն այս տարի Հայաստանում սպասվածից զգալիորեն ցածր է։ Բյուջետային միջոցների հաշվին ծրագրվող ծախսերի կատարումը միայն ֆինանսական բավարարման նպատակ չի հետապնդում։ Այն ունի կարեւոր նշանակություն տնտեսության համար։ Մինչ տնտեսության մեջ նկատվում է ֆինանսական այլ հոսքերի կրճատում՝ բյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը կարող են լրացուցիչ խթան հաղորդել տնտեսական գործընթացներին։ Մանավանդ երբեմն գործ ունենք լուրջ ֆինանսական միջոցների հետ։ Բյուջետային միջոցների հաշվին նախատեսված ծրագրերի թերակատարումը վերջին տարիներին լուրջ խնդիր է դարձել։ Դա նշանակում է, որ այդ ծրագրերը լավ չեն նախապատրաստված, կամ կատարողներն են թերանում։
Օրինակ, արդեն տեւական ժամանակ ընթացքում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը։ Բայց այն անընդհատ բախվում է նորանոր խնդիրների, որի հետեւանքով ծրագրի իրականացումը հետ է մնում ժամանակացույցից։ Այսպիսի ծրագրերը եզակի չեն։ Դա խնդիր է, որին կառավարությունը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի։ Առավել եւս, երբ երկրի տնտեսությունը դարձյալ բախվել է նախատեսված աճի ապահովման դժվարությունների հետ։ Ծրագրված 5,2 տոկոսի փոխարեն առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմեց 3,1, երկրորդում՝ 2,6 տոկոս։ Այս պայմաններում բնական է, որ որոշակի ռիսկեր են առաջացել նաեւ պետական բյուջեի եկամուտների կատարման առումով, որոնք հաշվարկված են 5,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումների հիման վրա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: