Ինչպես եւ դեռ շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից հաշված օրեր առաջ իր հերթական մեդիամաքսային հարցազրույցը տվեց: ՀՀԿ-ԲՀԿ անթաքույց մրցակցության եւ ԲՀԿ-ՀԱԿ նույնքան անթաքույց փոխգործակցության ֆոնին այս հարցազրույցը բավականին հետաքրքիր մեսիջներ էր պարունակում: Նախ` առաջին նախադասությունից մինչեւ վերջինը, Քոչարյանի խոսքը հագեցած էր անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ անթաքույց հակակրանքով: Սկսած նախընտրական քարոզարշավին երկրի նախագահի մասնակցության փաստին տրված գնահատականից, ավարտած քաղաքականությունը շախմատի հետ համեմատելու անթույլատրելիության մասին դատողություններով, այս հարցազրույցը ցույց տվեց, որ Քոչարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա բավական մեծ ջանքեր է գործադրում առայժմ հնարավորինս չափավորելու համար իր երբեմնի մտերմագույն ընկերոջ հանդեպ ունեցած քաղաքական ատելության պոռթկումը: Դա ակնհայտորեն երեւում է հարցազրույցի մի քանի հատվածներում, երբ միմյանց հաջորդող նախադասություններում Քոչարյանը հակասում է ինքն իրեն: Այսպես. նախկին նախագահն ասում է. «Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական»: Անհասկանալի է, եթե նախկին նախագահը դժգոհ է իշխանության գործունեությունից, ինչպես կարող է անկեղծորեն ցանկանալ, որ այդ նույն իշխանությունը հաջողություն ունենա: Ու թեեւ Քոչարյանն ասում է. «կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության», սակայն քիչ անց այնպիսի հայտարարություններ է անում, որ մի պահ թվում է, թե ընթերցում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթներից մեկը: Նախկին նախագահի հնչեցրած քննադատության զգալի մասը միանգամայն տեղին է, նկարագրած իրողություններն էլ` առկա: Խնդիրն այն է, սակայն, որ իր իսկ հիշատակած` « երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության « ձայնաազդանշանային համակարգը»` արտագաղթը», աննախադեպ չափերի հասավ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, որոնցում Քոչարյանի դերակատարության մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է: Անշուշտ, Քոչարյանը ճիշտ է, երբ ասում է. «Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է»: Նկատենք, սակայն, որ մարդիկ նույն կերպ նաեւ չեն հասկանում, երբ երկրի ոչ վաղ անցյալի նախագահը փորձում է համոզել, թե իրենք ավելի լավ են ապրել հենց իր օրոք: Մի դիտարկում էլ. արդեն որերորդ անգամ Քոչարյանն ընդգծում է, որ ՀՀԿ երեւելի դեմքերը եղել են իր կադրերը: Այս անգամ էլ առաջարկում է «նայել ՀՀԿ ցուցակին»` այնտեղ տեսնելու համար իր երբեմնի նախարարներին: Թե ինչ է ուզում դրանով ակնարկել նախկին նախագահը, թերեւս պարզ կդառնա արդեն ամենակարճ առաջիկայում: Այս պահին, սակայն, տպավորությունն այնպիսին է, որ նա արձագանքում է Սերժ Սարգսյանի` նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին իրենց պատգամավորը համարելու եւ նրա օգտին քվեարկելու կոչին:
ՏԽՈՒՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ