«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ` վաղ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր: Նա առավոտյան շտապ հանդիպել էր Սերժ Սարգսյանին, որպեսզի ընդհանուր լուծումներ գտնեին, թե ինչպես են հարթելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թեկնածուների ընտրության շուրջ բարձրացված աղմուկը: Բացի այդ, նախարարը Սերժ Սարգսյանին էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի երեք թեկնածուների անունները, որոնք օրվա ընթացքում արդեն հրապարակվեցին: Ըստ պաշտոնական տեղեկության` ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Նելիկ Հարությունյանն ու Արայիկ Ղազարյանն են հավաքել ամենաբարձր միավորները: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱՆ-ից պարզել` ի՞նչ նպատակով էր ՀՀ արդարադատության նախարարն առավոտյան հանդիպել Սերժ Սարգսյանին: Սակայն նախարարության լրատվական բաժնից, լսելով մեր հարցը, հայտնեցին, թե չեն ցանկանում մեկնաբանել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: