«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ԲՀԿ-ում շարունակ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հարցը: Նրա կուսակիցները տարբեր շրջանակներում ճշտում են մարդկանց վերաբերմունքը Ծառուկյանի առաջադրման առնչությամբ, սակայն ոչ բոլորն են խանդավառված այդ մտքից։ Առավել ինտելեկտուալ շրջանակը նշում է, որ «Ծառուկյանն անկանխատեսելի է» եւ կարող է անգամ վերջին պահին հայտարարել սահմանադրական բարեփոխումները պաշտպանելու մասին։ Իսկ քոչարյանական թեւը դեռ հույս ունի, որ նա ոչ թե իր, այլ ՀՀ երկրորդ նախագահի թեկնածությունն է առաջ քաշելու: Վերջերս մի առիթով Ծառուկյանն ասել է, որ ինքն առաջադրվելու է 2018 թվականին, քանի որ արդեն իրեն պատրաստ է զգում այդ պաշտոնի համար` չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե թեկնածուների մեջ լինի մեկը, ով իր փորձառությամբ, գիտելիքներով, հմտություններով կգերազանցի իրեն: Եվ չնայած անուն չի հիշատակվել, բայց քոչարյանական թեւն այդ նկարագրության մեջ տեսել է «իր նախագահին» եւ ոգեւորվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: