Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ ընտրողներին կոչ արեցիք իրենց ձայնը տալ ում կամենում են` բացի իշխող կոալիցիայից:
-Սկսեմ նրանից, որ ես երբեւէ չեմ հավատացել, եւ ուզում եմ, որ իմ խոսքին Դուք հավատաք եւ չփոխվեք: Իմ տեսակետից Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դաշինքը դաշինք է շատ երկար ժամանակներ, եւ եթե կարիք լինի, ընտրություններից հետո մի փոքր կբացենք փակագծերը: Ես կարծում եմ՝ ընդհակառակը, հիմա այն, ինչ կատարվում է դաշտում, մեզ բերում է համարյա թե երկկուսակցական համակարգի: Դուրս է մղվում Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ով: ՀԱԿ-ն ընտրություններից հետո կգա հրապարակ, որտեղ արդեն մենք հայտարարել ենք, որ լինելու ենք: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Դաշնակցություն»-ը եթե չմիանան, ուրեմն պարզ է, որ պիտի գնան խորհրդարան:
-Այսինքն՝ կոալիցիա կազմելո՞ւ են:
-Իհարկե, եւ այդ առումով շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի. դուրս կգա, որ իշխանությունը շատ լավ խաղաց, «Բարգավաճ»-ին մղեց դեպի ՀԱԿ-ի դաշտ, ավելի ընդդիմադիր ձայների տիրացավ եւ այդ ընդդիմադիր ձայներով հանդերձ՝ տեղափոխվեց նորից իշխանական դաշտ` կազմելով ապագա կոալիցիան: Եթե, նորից եմ կրկնում, չկատարվի մի զարմանահրաշ բան, եւ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, մայիսի 7-ից սկսած, լինեն հրապարակում եւ մեզ հետ բողոքեն (եթե իսկապես ընտրություններն անցան կեղծիքներով): Նկատենք, որ Սերժ Սարգսյանն Աբովյանում պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը պաշտոնապես, մինչ այդ` դաշնակցականի: Միակ ուժը, որը թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանել, ՀԱԿ-ն է: Նրանք խորքային տարաձայնություն չունեն: Ասացե՛ք մի դեպք, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի, բյուջեի հետ կապված խնդիրների, արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված խնդիրների հարցում այս 2 ուժերն ունեցել են լուրջ տարակարծություններ: Եւ բացի դրանից՝ ասեմ, որ աշխարհում չկա այդպիսի երեւույթ, որը հիմա մենք տեսնում ենք Հայաստանում. դեմ ըլլալով՝ կողմ: Այսինքն՝ լինելով կոալիցիայի անդամ՝ մարդիկ նաեւ ընդդիմության հատված են:
-ԲՀԿ-ն ընդդիմադիր է խաղում, որ ձայնե՞ր հավաքի, թե՞ պարզապես «ատամ է ցույց տալիս» Սերժ Սարգսյանին` ապագա պորտֆելների բաժանման գործընթացում առավելություն ունենալու համար:
-Եթե ԲՀԿ-ի լիդերն իր խոսքերը մինչեւ վերջ ուզում է իրագործել, ապա ընտրությունների կեղծիքների դեպքում պետք է բողոքի: Եթե ոչ, ապա ճիշտ նկատեցիք, ատամ ցույց տալով՝ չափաբաժնի խնդիր է լուծում: Ցավոք սրտի, սա գալիս է 88-ի մեր պատկերացումներից. քաղաքական ուժի հզորությունը չափվում է նրանով, թե ինչքան մարդ է եկել միտինգին. այն ժամանակ միտինգով էր հարցը լուծվում:
-Հրանտ Բագրատյանն ասել էր, որ չկա մի հանրապետական, որ Սերժ Սարգսյանի այսօրվա պահվածքը չհամարի էշություն, որովհետեւ նա միայնակ է գնում քարոզչության՝ ըստ էության ապացուցելով, որ այդ կուսակցությունում մարդ չկա:
-Մարդ լինելու խնդիրը չէ: Մարդ, որ կարողանա գեղեցիկ խոսել, Հայաստանում միշտ կարելի է գտնել: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հիմա տանում է նախագահական քարոզարշավ: Նա շատ լավ հասկանում է, որ նախագահական քարոզարշավը մի քիչ այլ կերպ է անցնելու. միայն ճառեր ասելով չի լինելու, մարդիկ են մտնելու քարոզարշավի մեջ, որոնք շատ խիստ պահանջներ են դնելու քարոզարշավի նկատմամբ: Այսինքն՝ այնտեղ ծրագրային դրույթները, մտքերի բախումը դառնալու են շատ կարեւոր: Դուք պատկերացրե՛ք, որ Ս. Սարգսյանը միայնակ չխոսեր, այլ խոսեր յուրաքանչյուրը. ենթադրենք՝ Տիգրան Սարգսյանը, որի կառավարման համակարգն այսօր ժողովրդի կողմից բացարձակապես չի ընդունվում: Ինչպիսի՞ն էր լինելու ժողովրդի վերաբերմունքը: Հիմա վերաբերմունքը չեզոք է, այսինքն՝ մարդիկ չեն լսում Ս. Սարգսյանին, բայց չեն էլ բղավում:
-Բայց Մարտունիում Սերժ Սարգսյանի հանդիպմանը գոռացել էին «Լեւո՛ն, նախագա՛հ», իսկ Սպիտակում հող էին նետել նրա ուղղությամբ:
-Ես կարծում եմ, որ սա սկիզբն է, որովհետեւ, նորից եմ կրկնում, նախագահական ընտրարշավը այսպես չի անցնելու: Նկատենք, թե այս ընթացքում Սերժ Սարգսյանն ում է պաշտպանել պաշտոնապես. Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, որոնք (մարդկայինը դնենք մի կողմ) ժողովրդի մեջ որպես քաղաքական կերպարներ այդքան էլ մեծ ընդունելություն չունեն: Եւ այս ամենը չի՞ հարվածում նաեւ Ս. Սարգսյանի վարկին: Ես ինչ հիշում եմ, այս 5 տարվա մեջ նա միշտ խոստացել է, որ պիտի ձերբազատվի օլիգարխ քաղաքական գործիչներից: Բայց մենք տեսնում ենք՝ ոչ միան չի ձերբազատվում, այլեւ պաշտոնապես սատարում է եւ մեծ գովեստով է խոսում:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ Հայաստանում չկան հստակ ռուսական եւ արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր: Ձեր տպավորությամբ՝ ինչո՞ւ են քաղաքական ուժերը խուսափում դիրքորոշում հայտնել:
-Գիտեք, որպեսզի մարդիկ կարողանան քաղաքական դիրքորոշումներ արտահայտել ընդհանրապես, ոչ միայն գեոքաղաքական հարցերում, այլ ընդհանրապես, պետք է ունենան քաղաքական միտք: Որպեսզի մարդիկ կարողանան քաղաքական միտք արտահայտել, դա դեռ գալիս է Պլատոնից, Պլուտարքոսից, որոնք ասել են, որ քաղաքական միտք արտահայտում են այն մարդիկ, որոնք ունեն ուղեղային այդ հնարավորությունները, եւ բացի դրանից՝ ունեն ազատ կամք: Այսինքն՝ իրենք ազատ են եւ ունեն այդ կամքն արտահայտելու քաղաքական միտք: Հիմա Դուք ինձ հարցնում եք մարդկանց մասին, որոնք այնքան երկրների հետ այնքան անհասկանալի կապերի մեջ են, նույնիսկ իրարամերժ կապերի մեջ:
Մենք պիտի հասկանանք, որ անկախ Հայաստանի ճակատագրով առաջին հերթին անկախ հայերը՝ մենք ինքներս, պիտի մտահոգված լինենք, որովհետեւ բոլոր երկրները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, ունեն գեոքաղաքական շահեր՝ որպես անկախ երկրներ… Այսինքն՝ պարզ է, որ մեծ երկրները նաեւ ունեն հնարավորություններ իրենց հատուկ ծառայություններով մարդկանց համապատասխան հոգեբանական իրավիճակի մեջ պահել, որպեսզի ազատ միտք եւ ազատ կամք չդրսեւորեն:
-Ձեր խոսքերից հասկանալի դարձավ, որ նախագահական ընտրությունները չեք արժանացնելու բոյկոտի ճակատագրին: Իսկ ունե՞ք այնքան ռեսուրս, որպեսզի կարողանաք դիմակայել պարբերաբար կիրառվող խորթ մեթոդներին:
-Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունները Հայաստանում այս անգամ ավելի շատ դառնալու են Հայաստանի զարգացման ուղու ընտրության քարոզարշավ: Մեր երկրում թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական իրավիճակը, տնտեսական վիճակն այնպես են դասավորվում, որ միայն կարգախոսներով հնարավոր չի լինելու նախագահական ընտրությունների ընթացքում ժողովրդին բացատրել, թե ինքն ինչպես է ապրելու ապագայում, ինչու չպիտի հեռանա երկրից եւ այլն: Եթե այդպես չի լինի, այսինքն՝ ծրագրերը չեն հաղթի, այլ ամեն ինչ կգնա զոռբայության, ի՞նչ անենք դրա դեմ. մնում է միայն ընդվզումը: Ես երբեք չեմ էլ թաքցրել, որ պատրաստվում եմ բավականաչափ լուրջ փոփոխությունների:
Հարցազրույցի տեսագրությունը կարող եք դիտել armlur.am կայքում:
ԴԱՇՏՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ