ԲՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԸՆՏՐԵԼ ՀՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 18:00-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Մատենադարանի մոտ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ պետք է ամփոփեր իր նախընտրական քարոզարշավը: Սակայն հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ եղանակը «խառնվեց», ու անձրեւ սկսվեց: ԲՀԿ-ականները որոշեցին արագ սկսել հանրահավաքն ու արագ ավարտեցին: Ներկաների պատմելով` ԲՀԿ-ական երիտասարդները հանրահավաքի ավարտից հետո քայլելով իջել են Ազատության հրապարակ, որտեղ ՀԱԿ-ի հանրահավաքն էր:
Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միայն կարճ ելույթներ են ունեցել: Մարդիկ մինչեւ հասկացել են, որ հանրահավաքը սկսվել է, նկատել են, որ հավաքվածներն արագ քայլերով հեռանում են:
«ԲՀԿ-ն ու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել են ձեր վստահելի գործընկերը: Եկե՛ք  քվեարկենք այնպես, որ եւս մեկ անգամ ստիպված չլինենք հիշել հայի հետին խելքի մասին: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք»,-իր կարճ ելույթում նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Եթե այս վիճակը, որ ստեղծվել է Հանրապետական կուսակցության պատասխանատվությամբ, հանդուրժելի է ձեզ համար, ընտրե՛ք ՀՀԿ-ին: Ես վստահ եմ, որ քվեարկելու եք փոփոխությունների օգտին, այն ուժի օգտին, որը միշտ ձեր կողքին է եղել»:
Գագիկ Ծառուկյանի ելույթի ժամանակ անձրեւն ավելի է ուժգնացել, եւ նա ստիպված է եղել ընդհատել ելույթը: «Գնացե՛ք ընտրության եւ ոչ մեկին մի՛ լսեք: Ինչ թելադրում է ձեր սիրտը, այդպես էլ ընտրե՛ք»,-վերջում նշել է Ծառուկյանը:
Չնայած այս ամենին՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք երեքն էլ մինչեւ վերջ ելույթ են ունեցել. «Շուտ ենք սկսել, եւ նախատեսված երեք ելույթներն էլ տեղի են ունեցել, պարոն Ծառուկյանն էլ իր ելույթն ունեցել է»: Իսկ այն հարցին, թե ինչու են ԲՀԿ-ական երիտասարդները միացել  ՀԱԿ-ի հանրահավաքին, ասաց. «Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը»: Ի դեպ, հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկից առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ն  Երեւանում մեկ անգամ է հանրահավաք ունենալու, եւ այն էլ միայն Մատենադարանի մոտ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս