ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՃԵԼԻ ԶԱՐՄԱՆՔ
Իշխանությունները հաճելիորեն զարմացրել են  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին, քանի որ, ըստ նրա, այս ընտրարշավի ժամանակ, ի տարբերություն նախորդների, քաղաքական ուժերին ինքնաիրացվելու հնարավորություն է տրվել: «Շահեկանորեն այս ընտրարշավը տարբերվեց նախորդ բոլոր ընտրարշավներից քարոզչական առումով եւ որոշակի հնարավորություն ստեղծվեց, որ քաղաքական գործիչները կարողանային ներկայանալ հասարակությանը, ինքնաիրացվել, սա որոշակի ձեռքբերում էր, առաջընթաց էր»,-ասել է նա:

ՄՐՑԱՆԱԿ` ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Ժուռնալիստի տանը» կազմակերպված միջոցառման ժամանակ «Մամուլի ազատության ժամանակը» անվանակարգում մրցանակ է ստացել  «Առավոտ» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը` նախորդ տարվա ընթացքում ավանդական եւ նոր մեդիա լրագրության հնարավորությունները համադրելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մեր կայքը նախորդ վեց ամիսների ընթացքում եռապատկել է իր ընթերցողների թիվը: Այն ժամանակ, երբ մենք փորձում էինք սկսել, փորձագետները խորհուրդ չէին տալիս, սակայն արդյունքներն ակնհայտ են»,-նշել է մրցանակակիրը:  

ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ԿԸՀ-ի դիմաց: Նա մայիսի 3-ին՝ լրագրողների հետ զրույցում, նշել է, որ նման որոշում է կայացրել ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծիքների: «Ընդ որում, այդ կեղծիքների կիզբը դրվել է 1990-ական թվականներին»,-ասել է նա:

ՄԵԿԱԿԱՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ
Հայ ազգային կոնգրեսը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը յուրաքանչյուր ընտրատեղամասում մեկական վստահված անձ է ունենալու: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ անդամ, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանը: Նրա խոսքով՝ իր մրցակիցը փողն է, վախը եւ ընչաքաղցությունը:

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՕՍԿԱՆՅԱՆԸ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերթական գրառումն է արել Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ Վարդան Օսկանյանի  հայտարարություններին։ «2003 թվականից առ այսօր Հայաստանը, ըստ Freedom House-ի, դասվում է անազատ մամուլով երկրների շարքին: Դիտարկում առաջին` որտե՞ղ էր Վ. Օսկանյանն այս 11 տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր անհանգստանում այս խնդրով: Դիտարկում երկրորդ` ի՞նչ է արել նա 2002-2008թթ. եւ մինչ այդ, որպես երկրի կառավարության անդամ, արտգործնախարար, ՀՀ նախագահի կողմից նշանակված պետական այր մամուլի ազատության մակարդակը Հայաստանում բարձրացնելու համար: Դիտարկում երրորդ` ինչո՞ւ այս խնդրով նա այսքան «մտահոգ» է այսօր»:

ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Անկախ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը զանգահարեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ հանդես եկավ հայտարարությամբ: «Այս պահին ես խոսում են որպես անկախ քաղաքագետ եւ  Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքի ընտրող: Ես հետեւել եմ քարոզարշավի ընթացքին ու ելնելով տվյալ տարածքում ընտրողների հասարակական տրամադրվածությունից՝ հայտարարում եմ, որ ԱԺ գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակ է տանելու, քանի որ այդ ընտրատարածքում նա իրական մրցակիցներ չունի: Ես հրապարակավ  հայտարարում եմ, որ սատարում եմ Սամվել Ալեքսանյանին,-եզրահանգեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Սուրենյանցի նշած  ընտրատարածքում (թիվ 7) առաջադրված  պատգամավորության թեկնածուներ են՝  անկուսակցականներ Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանը, Տիգրան  Գրիգորյանը եւ Վարդան Վարդանյանը:




Լրահոս