Այսուհետ տրանսպորտային միջոցներում հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման հնարավորություն կներդրվի: Դա սահմանված է ֆինանսերի փոխնախարար Արմեն Ալավերդյանի ներկայացրած որոշման նախագծում:
«Որոշումն առնչվում է ապրանքաշրջանառությանը և ապահովում փաստաթղթավորման մատչելի շրջանառությունը: Երբ ապրանքներն առաքվում են մեծածախ նպատակներով, դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ: Բայց, այսպիսով, եթե տնտեսվարող սուբյեկտն ապրանք է առաքում, հնարավորություն կունենա այդ մեքենաների վրա տեղադրել հսկիչ դրամարկղային մեքենա», – լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Նախագծով հնարավորություն կտրվի բոլոր տնտեսվարողներին տրանսպորտային միջոցում տեղադրել հսկիչ դրամարկղային մեքենաներ, որ ապրանքների դուրսգրումը կատարվի անմիջապես մեքենայից:
«Դա կլինի միայն կամավոր: Որոշումը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին, որոնք առաքվում և վաճառվում են, կվերաբերի այն տնտեսվարող սուբյեկտին, որն իր ապրանքն առաքում է ոչ թե քաղաքացուն, այլ՝ մեկ այլ տնտեսվարողի»,- հայտնեց նա: