Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում տեղի է ունեցել Մոսկվայում և Երևանում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում:
«Բիզնես-Մարաթոն» նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության դեպարտամենտը`միջտնտեսական և միջազգային դեպարտամենտի օժանդակությամբ: Մոսկվայաբնակ գործարարների այցի նպատակը երևանաբնակ գործընկերների հետ բժշկական սարքավորումների, մեքենաշինության, շինարարական և ներկայացված այլ ոլորտների համագործակցություն ծավալելն ու առկա փորձը փոխանակելն է:
Բացման խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների առաջնահերթություններից է տնտեսական փոխգործակցությունը, ինչի արդյունքում,ի թիվս կյանքի կոչվող այլ ծրագրերի, հնարավոր է դարձել կազմակերպել նաև գործարարների այս հանդիպումը: Դավիթ Գևորգյանը մոսկովյան պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումներին: Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր հատվածի և քաղաքապետարանի համագործակցությանը, որի շրջանակում աշխատանքներ են տարվել նաև ՀՀ –ում ՌԴ դեսպանատան առևտրային ներկայացուցչության հետ` Մոսկվայի և Երևանի գործարարների պարբերական, այդ թվում նաև այս հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Մոսկվա քաղաքի գիտության, արդյունաբերական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազևը նախ շնորհավորել է հայ գործընկերներին «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության առիթով և բեղմնավոր աշխատանք է մաղթել հայ և ռուս գործընկերներին: Մոսկվայի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին աջակցելու են երկու քաղաքների գործարարների անմիջական համագործակցությանը: