ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 12-ին արտառոց դեպք էր գրանցվել Գյումրիում. սպանվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որի նշանադրությունը Ղուկասյանի դստեր հետ պետք է տեղի ունենար հաջորդ օրը: Սպանությունից որոշ ժամանակ անց կալանավորվեց 28-ամյա Հարություն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է Հարությունի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, որը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ նրան կալանավորել են առանց հիմնավորման:
Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով ոստիկանությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշված էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Գյումրու բաժին էր դիմել Ռ. Եսայանը եւ հայտնել, որ որդին` 1985թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան եւ անհետ կորել:
 Նույն օրը՝ ժամը 20:10-ին, Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարեւանությամբ` «Սեւ Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել էր հիշյալ ավտոմեքենան` ղեկին Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք-զինամթերք կրելը) մասերի հատկանիշներով:
Ի դեպ, նշենք, որ Կարեն Եսայանի հենց սպանության օրը` կեսգիշերն անց, Գյումրու ոստիկանության բաժնի առաջ վրաերթի էին ենթարկել նշված սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին, որը տեղում մահացել էր:
Ավելի ուշ պարզվել էր, որ ոստիկանին վրաերթի էր ենթարկել «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 պետհամարանիշով ավտոմեքենան: Վարորդին՝ Ռուդիկ Մուրադյանին, բերման էին ենթարկել Շիրակի մարզային վարչություն եւ ձերբակալել: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վրաերթ մահվան ելքով, եւ 244 հոդվածի հատկանիշներով` դեպքի վայրը լքելը:
Կարեն Եսայանի սպանությունից հետո լուրեր տարածվեցին, որ սպանությունը եղել է խանդի հողի վրա: Նշենք նաեւ, որ 27-ամյա Կարենը եւ Վ. Ղուկասյանի դուստրը համադասարանցիներ են եղել:
Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության հետքերով մի երիտասարդ կալանավորվեց, որը Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի 28-ամյա որդի Հարություն Սարգսյանն է: Այս դեպքը որոշ ժամանակ հետո քաղաքականացվեց, երբ հայտնի դարձավ, որ Հարություն Սարգսյանը ԲՀԿ-ական է, եւ նրանց ընտանիքը մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Քաղաքապետը եւս հայտարարեց, որ դա իսկապես այդպես է, իսկ Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը եւ վստահեցրեց, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ չպետք է փնտրել, եւ իրենք որեւէ կապ չունեն այս սպանության հետ: Սարգսյանի հարազատներն էլ հայտարարեցին, որ Հարությունը ծանոթ չի եղել Ղուկասյանի դստեր հետ, երբեւէ չի էլ առնչվել նրա հետ, հետեւաբար խանդի հողի վրա տեղի ունեցած սպանությունն ուղղակի անհեթեթություն է:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց` նշելով, որ ինքը հեռախոսով չի ցանկանում մեր հարցերին պատասխանել: Իսկ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ընդհանրապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: 27-ամյա Կարենի հարազատները եւս չցանկացան այդ թեմայով խոսել: Կարողացանք զրուցել միայն կալանքի մեջ գտնվող 28-ամյա Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսին Սահակյանի հետ:
Վերջինս ասաց, որ ինքը շատ վրդովված է, քանի որ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածում՝ իր պաշտպանյալի հետ կապված: «Իր հետ կապված՝ սխալ ինֆորմացիա են տարածում, եւ մենք պատրաստվում ենք հերքում խնդրել: Նախ եւ առաջ խախտում են անմեղության կանխավարկածը եւ իրեն ներկայացնում են որպես հանցագործության կատարող: Ավելին, նշվում է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչել, զենքի տեղն է ցույց տվել, իբրեւ թե ինքը, որ ցմահ ազատազրկում չստանա, համագործակցում է իրականացնողների հետ: Իրականում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Համենայնդեպս, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս այդ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հիմնավոր կասկածի մասին նյութեր պատրաստել, սակայն այն որեւէ ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հիմնավորել, որ նա որեւէ կապ ունի հանցագործության հետ»,-նշեց փաստաբանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է գտնվում:

լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս