Մայիսի 3-ին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Երեւանում: Ըստ նախնական տվյալների` ժամը 11-ի սահմաններում մոտ 45-50 տարեկան մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից:
Ինքնասպան եղած քաղաքացու հագուստի գրպանում հայտնաբերվել է Նորայր Միքայելյանին պատկանող փաստաբանի վկայական, ինչպես նաեւ՝ հարազատներին ուղղված երկտող, որտեղ գրված է. «Իմ այս քայլից հետո խնդրում եմ՝ ինձ ներեք»: Ոստիկանության Մաշտոցի բաժնում դեպքի առթիվ գործ է հարուցվել: Փաստաբանի վկայականն ու նամակ-երկտողն առգրավվել են, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ն. Միքայելյանը Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Արեւիկ գյուղից է: Նորայր Միքայելյանի մանկության ընկեր, Արեւիկ համայնքի նախկին գյուղապետ Դավիթ Թումիկյանն ասաց, որ ինքնասպան եղած քաղաքացին իր մանկության ընկերն է. «Ինքն իմ ավագ ընկերն էր, միասին խաղացել ենք ֆուտբոլի խմբակում: Այդ ժամանակից սկսած՝ մեր մտերմությունը վերաճել է ընտանեկան բարեկամության: Շատ հոյակապ ու հավասարակշիռ մարդ էր Նորիկը: Հոգեկան շեղումներ չուներ, նկատելի խնդիրներ` նույնպես: Ուզում են ասել` այս քայլի համար դրդապատճառներ չուներ: Բոլորիս համար այս միջադեպը վատ անակնկալ էր»:
Դ. Թումիկյանի տեղեկացմամբ՝ Ն. Միքայելյանը ծնվել է 1956թ.-ին: Նախկինում աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում, այնուհետեւ՝ փաստաբան Երեւանում: Ունի երկու աղջիկ, մեկ թոռ: Նրա դուստրը՝ Նոնա Միքայելյանը, այժմ Շիրակի դատախազությունում աշխատում է որպես դատախազ: Իսկ կրտսեր աղջիկը ուսանող է:
ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ