Ազգային Անվտանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները Երևանի Ազատության հրապարակում հրավիրել են հանրահավաք, որում քննության առարկա են դառնալու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները, որոնց օր առաջ լուծումը ժամանակի հրամայականն է:
Հայաստանի իշխանությունները՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» ղեկավարությամբ, ձախողել են ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական ծրագրերը, այլ իրենց ոչ արհեստավարժ ներքին ու արտաքին քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել են օրհասական վիճակի առաջ: Վտանգված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախությունը, 1988 թվականի զարթոնքի արդյունքում տարած հաղթանակները՝ ի դեմս ազատ ու անկախ Արցախի, այլև՝ մեր նախկին բոլոր ձեռքբերումներն ու ապագան:
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Հանրահավաքին մեր ակտիվ մասնակցությամբ, միմյանց նկատմամբ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի դրսևորմամբ, կխթանենք բարեփոխումներին միտված կուսակցությունների միասնական գործունեությունը, կնպաստենք իշխանությունների կողմից սանձազերծված համատարած վախի մթնոլորտի վերացմանն ու օրինականության վերականգնմանը:
Բոլորս դեպի Ազատության հրապարակ
«Իշխանությունը ժողովրդինն է» կարգախոսով:
«Ազգային Անվտանգություն» կուսակցության վարչություն»