ԱԺ եւ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թեեւ միայնակ է մնացել թիվ 35 ընտրատարածքում, այնուամենայնիվ, ինտենսիվ քարոզչություն է իրականացնում: Այս առիթով հանդիպումներից մեկի ժամանակ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Բալասանյանին:
-Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց միայնակ մնալ ու պայքարել ինքներդ Ձեր դեմ:
-Երեւի պատճառն այն է, որ իսկապես վայելում եմ մեր քաղաքացիների վստահությունը, իսկ այդ վստահությունը ձեռք է բերվել տարիների աշխատանքի, կատարած գործի ու տրված խոստումներն իրականություն դարձնելու շնորհիվ: Կարող եք անձամբ համոզվել` այցելելով տարածաշրջանի համայնքներ եւ Գյումրի քաղաք:
-Հետաքրքիր է, ինչո՞ւ եք շարունակում քարոզարշավը:
-Ես մշտապես հանդիպումներ ունեցել եմ համայնքներում ու կապի մեջ եմ եղել իմ ընտրողների հետ՝ անկախ այն հանգամանքից` ընտրություններ են, թե ոչ: Թող անհամեստ չհնչի, բայց իմ ընտրատարածքի խնդիրներն իմ կողմից մշտապես բարձրացվել են ԱԺ-ում եւ գրավոր հարցերի տեսքով ուղարկվել կառավարություն, ես ունեմ կատարած աշխատանք: Իսկ քարոզարշավի գնում եմ, որովհետեւ ուզում եմ նորից հանդիպել ինձ վստահած մարդկանց հետ, ճշգրտել մեր համատեղ անելիքներն ու իմի բերել առաջնային խնդիրները: Մինչ այս պահն ունեցել եմ երեք տասնյակից ավելի հանդիպումներ եւ դեռ շարունակում եմ ունենալ, դրանց մի մասը լուսաբանվել է տեղական հեռուստաընկերություններով: Իմ հանդիպումների ժամանակ, անշուշտ, հնարավորինս մանրամասն խոսում եմ նաեւ ԲՀԿ-ի ծրագրերի մասին: Բացի կուսակցական մշտական աշխատանքից` այսօր ինձ է վստահվել նաեւ կուսակցության՝ Շիրակի մարզի քարոզարշավի պատասխանատվությունը, ինչը եւ տարվում է բավարար մակարդակով:
-Ի՞նչ եք ասում մարդկանց հանդիպումների ժամանակ, ասում եք` ընտրեք ի՞նձ:
-Մարդկանց ասում եմ, որ ԲՀԿ-ն գործի կուսակցություն է, ներկայացնում եմ մեր կողմից կատարված աշխատանքը, նախընտրական ծրագիրը, սակայն կոչ եմ անում նաեւ, որ անպայման ուսումնասիրեն բոլորի ծրագրերն ու ընտրեն խղճի եւ հոգու մտոք:
-Խոսում են, որ Գյումրիում բավական լարված իրավիճակ է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Իսկապե՞ս ՀՀԿ-ն իր վարչական լծակներն օգտագործում է Շիրակում, մասնավորապես Ձեր ընտրատարածքում:
-Մամուլում պարբերաբար նման տեղեկություններ հայտնվում են: Անկեղծ ասած` ինձ համար ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա` ինքն անկախ է, իր քվեն վճռորոշ է, իսկ քվեարկությունը` գաղտնի: Այսօրվա ընտրողն այն չէ, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ էր: Կա ավելի բարձր իրավագիտակցություն, նշմարվում են քաղաքացիական հասարակության սաղմերը, եւ եթե նույնիսկ հավատանք ԶԼՄ-ներով շրջանառվող նման խոսակցություններին, ապա կարծում եմ, որ նման լծակների կիրառումը կարող է անարդյունավետ լինել, քանզի մարդիկ գիտակցում են, որ իրենց քվեարկությունն իսկապես գաղտնի է:
-Պարո՛ն Բալասանյան, Դուք խոսում եք օրինականությունից, իրավագիտակցությունից, բայց անձամբ զբաղվում եք բիզնեսով:
-Բազմիցս ասել եմ՝ բիզնեսով չեմ զբաղվում՝ սկսած 1999թ-ից: Մինչ այդ ունեցել եմ գարեջրի գործարան եւ հպարտ եմ, որ աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող Շիրակի մարզում կարողացել եմ ստեղծել արտադրություն եւ դեռ ստեղծելու եմ, դեռ օգտագործելու եմ իմ կարողությունները, որպեսզի հայ մարդն աշխատանք ունենա, մնա իր երկրում ու իր ապագան տեսնի միայն հայրենիքում, կասեցվի արտագաղթը: Ես դա անելու եմ, քանի որ ունեմ թիմ, մասնագետներ, կան համապատասխան հիմնադրամներ, որոնց միջոցով իրականացվում է նոր աշխատատեղերի ստեղծումը Շիրակի մարզում եւ Ջավախքում: Անձնական միջամտությամբ աշխատատեղեր ստեղծելու իմ ձգտումը ոչ մի կերպ չի խանգարել, որպեսզի ակտիվորեն ներգրավված լինեմ նաեւ օրենսդիր աշխատանքում, ասվածի վառ ապացույցն այն է, որ երեք տասնյակից ավել օրենքների հեղինակ եւ համահեղինակ եմ:
ԱՅՍՕՐՎԱ ԸՆՏՐՈՂՆ ՈՒՐԻՇ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ