ԴՈՎԵՂՈՒՄ ԿՐԱԿՈՂՆ ԱՆՀԱՅՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին` ժամը 11-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ: Մեքենայից կրակ են բացել, մի աքլոր սպանել եւ հեռացել: Գյուղապետ Սամվել Գորգինյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ մեքենայի առջեւի մասում եղել են ռուսական պետհամարանիշներ, իսկ հետնամասում դրանք բացակայել են:
Գտնվել է կրակված փամփուշտից մնացած արճճի կտոր: Որոշ տեղեկություններով` կրակոցն արձակվել է ատրճանակից: Գյուղապետն ասաց, որ պատահարի կապակցությամբ ինքը մայիսի 2-ին դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն: Ոստիկանները սահմանամերձ գյուղ են եկել, քննություն կատարել: Նոյեմբերյանի ոստիկանությունից տեղեկացանք, որ քննությունը շարունակվում է, սակայն առայժմ բացահայտումներ չկան: Դովեղի գյուղապետն ասաց, որ տարբեր լրատվամիջոցներից  իրեն զանգահարում են, պատահարն ուռճացնում, այն կապում դիվերսիայի հետ, ինչը գյուղում անհարկի լարվածություն է առաջացնում: Գյուղապետի մտահոգությունը հասկանալի է, սակայն հանցագործություն է կատարվել, որը պետք է բացահայտվի: Ս. Գորգինյանը հայտնեց նաեւ, որ ապրիլի 25-ին ադրբեջանցիների կողմից շուրջ 45 րոպե Դովեղի գնդակոծությունից հետո գյուղի նախակրթարանի 15 սաներից մեկի ծնողը հրաժարվել է երեխային նախակրթարան ուղարկել: Նախակրթարանի տնօրեն Էմիլյա Դուրինյանից տեղեկացանք, որ նախակրթարանի վրա ադրբեջանական կրակոցներից առաջացած վախի հետեւանքով երեխաներից մեկը սկսել է կակազել:
Դովեղցիները դժգոհում են, որ գյուղի գնդակոծությունից հետո ոչ մի պաշտոնյա գյուղ չի եկել, որ կրակոցների հաջորդ օրը` ապրիլի 26-ին, Նոյեմբերյան այցելելով` ՍերԺ Սարգսյանը չի գնացել 5 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ, Նոյեմբերյանում ունեցած իր ելույթում էլ Դովեղի մասին ոչ մի բան չի ասել, չի ոգեւորել դովեղցիներին: Գյուղապետն ասաց, որ այդ գնդակոծությունից հետո պետական պաշտոնյաները թեեւ գյուղ չեն այցելել, սակայն հեռախոսազանգերով հետաքրքրվել են Դովեղի  իրավիճակի վերաբերյալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս