Փոփոխված Ընտրական օրենսգիրքն ի՞նչ երաշխիքներ է տալիս, որպեսզի մայիսի 6-ին տեղի ունենալիք ընտրությունները տարբերվեն նախորդներից` թափանցիկության եւ ազատության տեսանկյունից: Ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձինք, նաեւ որոշ փորձագետներ եւ իրավաբաններ գնահատում են, որ 2011թ-ին ԱԺ-ի կողմից ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ավելի լավ ընտրություններ կազմակերպել՝ զգալիորեն կանխելով խախտումների եւ կեղծիքների հնարավորությունը: Կա նաեւ հակառակ կարծիքը, որ նոր օրենսգրքում թեպետ կան որոշակի բարելավումներ, սակայն լուրջ խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստացել, եւ որ անգամ կատարյալ օրենսդրական դաշտը դեռեւս բավարար պայման չէ, եթե չկա գործընթացը որակապես փոխելու քաղաքական կամք: «Եթե ընտրողների քաղաքական կուլտուրան չի բարձրացել, բնական է, ինչ կարգի Ընտրական օրենսգիրք էլ մտածեն, ինչպիսի հզոր ընտրական հանձնաժողովներ էլ փորձեն աշխատել, անպայման մենք կունենանք խնդիրներ»,-շեշտում է երկար տարիներ ընտրական գործընթացում ընդգրկված, թիվ 34 ԸԸՀ նախկին նախագահ Սայաթ Մինասյանը:
«Ինչքան էլ ուզում է իդեալական լինի օրենսգիրքը, եթե անձը չկամեցավ իր իրավունքները պաշտպանել, ուրեմն ոչ մի օրենսգիրք եւ ոչ մի օրենք ոչինչ չի անի»,-ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանը, ում կարծիքով Ընտրական օրենսգրքում կան բազմաթիվ դրույթներ, որոնք կարող են երկակի ընկալում ունենալ եւ ընտրական գործընթացի տարբեր իրավիճակներում տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: Հանձնաժողովականները կարեւորում են այն, որ բարձրացվել է ԶԼՄ-ների եւ վստահված անձանց դերը: Նոր օրենքը վստահված անձանց հիմա ավելի մեծ լիազորություններ է տալիս ընտրական գործընթացը գոնե տեղամասերի ներսում լիարժեք վերահսկելու համար: «Վստահված անձանց լիազորությունները շատ են: Ավելին ասեմ, նրանք իրավունք ունեն նստել հենց հանձնաժողովի անդամների մեջտեղում եւ վերահսկել երկու անդամների աշխատանքը»,-ասում է թիվ 34/33 ՏԸՀ նախագահ Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ այս օրերին ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավարներն ու անդամները սեմինար-վերապատրաստման դասընթացներ են անցնում «Ինչպե՞ս կազմակերպել ընտրական գործընթացը ընտրական փոփոխված օրենսգրքի դրույթների համաձայն» թեմայով:
Գյումրի