ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից»,-այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կապ ունի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ:
Դիտարկմանը, թե ընդունված է համարել, որ ԲՀԿ-ն իր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնվի Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, Քոչարյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում»:
Ըստ Քոչարյանի՝ ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել է այդ ձեւաչափով: «Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեւի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների եւ մարզպետերի մեծամասնությունը»,-ասել է նա:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու փաստին, Քոչարյանն ասել է. «Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին եւ չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին»:
Քոչարյանը ուրախ է ԲՀԿ-ի հաջողություններով: «Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային Ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա»,-նշել է նա:
Երկրորդ նախագահը հայտարարել է, թե իշխանության հետ որեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն չունի: «Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես՝ տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին»,-նշել է նա:
Հարցին, թե ապագայում հնարավոր է վերադառնա մեծ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանն անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ»:




Լրահոս