«ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՈՐԵԼ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, ջազմեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ զրույցում ակնհայտ էր, որ նա քաղաքականություն չի սիրում, նույնիսկ դիվանագիտորեն փոխեց թեման` նախընտրելով խոսել Երեւանի ու իրեն հուզող այլ հարցերի շուրջ:
-Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ Ձեր կոլեգաները փորձում են մտնել քաղաքականության մեջ:
-Ճիշտն ասած, ես քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, նույնիսկ չեմ հետաքրքրվում: Ես արվեստի մարդ եմ, ինձ համար կարեւոր է, որ երկիրը խախանդ լինի:
-Անգամ որպես հասարակ քաղաքացի՞ չեք հետաքրքրվում:
-Այո՛, անգամ այդպես: Այդ կոմեդիաներն ինձ չեն հետաքրքրում: Ով մտնում է քաղաքականության մեջ, կեղծավորություն է կամ ձեւականություն: Թող ամեն մեկը սիրի իր երկիրը, իր արվեստը, մշակույթը, իր դրոշը, հիմնը, նախագահին, կապ չունի` նա ով է: Դա է օրենքը:
-Երբեւէ ոչ մի կուսակցության կողմից առաջարկ չի՞ եղել միանալ իրենց:
-Երբեք, ոչ մի առաջարկ չի եղել, ես էլ ցանկություն չունեմ: Այս թեման էլ մի տեսակ իմը չէ: Ա՛յ եթե ինձ հարցնեիք Երեւան քաղաքից, արվեստից, մշակույթից, մեծ սիրով կխոսեի:
-Քանի որ հրաժարվում եք այս թեմայից, Ձեզ այլ հարց կտամ: Լինելով երեւանցի՝ ի՞նչ կասեք, արդյոք կորցրել է Երեւանն իր նախկին տեսքը:
-Կարճ կասեմ, կորցրել է, ու հինն էլ չենք վերադարձնի, չենք էլ փորձում: Ինչ-որ կատարվում է, բնական պրոցես է: Մենք հին քաղաքի հիշողություններն ունենք, բայց պետք չէ ապրել դրանցով, պարզապես եթե հնարավոր է հնից պահել որոշ լավ բաները, եկե՛ք պահենք:
-Օրինակ ի՞նչը:
-Ցենզուրան, որ այսօրվա հեռուստատեսությունն այսպիսին չլիներ: Ով ինչ ասես` խոսում է, ինչպես ուզում է՝ պահում է իրեն: Հասկացանք, ազատություն, դեմոկրատիա, բայց ա՞յդ աստիճանի: Դա արդեն դեմոկրատիա չէ, այլ՝ բեսպրեդել: Անկրթության, տգիտության վիճակն է: Թող ազատություն լինի, բայց ցիվիլ ձեւով: Այսօր ամեն ինչ շուկայական հարաբերություն է, փողի ենք վերածում: Նույնիսկ քաղաք մաքրելն է փող, բայց առաջ մենք ինքներս չէինք կեղտոտում: Չնայած վերջին մի երկու տարվա մեջ նկատում եմ, որ քաղաքը մաքրում, լվանում են:
-Նշեցիք, որ քաղաքում շատ բան է փոխվել: Հետաքրքիր է, Հյուսիսային պողոտան Ձեզ դո՞ւր է գալիս:
-Ես մեծ սիրով կգնամ Մոնումենտի, Պուշկինի այգի կամ էլ կզբոսնեմ Աբովյան փողոցով, Օպերայի տարածքում, որտեղ, դժբախտաբար, հիմա ամբողջը սրճարաններ են: Եթե թամանյանական նախագծով էին ուզում անել, թող գոնե սրճարաններով չլցնեին փողոցները: Հյուսիսային պողոտան, անկեղծ ասած, չեմ հավանում, չնայած մի քանի շենք կա, որ դուրս գալիս են, իրոք գեղեցիկ են, խոսում են այդ պողոտայի հետ: Ինչպես, օրինակ, Փարիզում արեցին. քաղաքից դուրս մի թաղամաս կառուցեցին բարձրահարկերով, ապակեպատ պատշգամբներով, բայց պատմականը պահպանեցին, քաղաքի կենտրոնում չսարքեցին այդ տեսակ բաներ: Իսկ մենք բռնեցինք ու հենց սրտում ինչ ասես կառուցեցինք՝ հաշվի չառնելով՝ սազում է, չի սազում: Թող այս ամենը Երեւանից դուրս անեին, անունն էլ դնեին Նյու Երեւան, քաղաքն էլ կմեծանար, դասականը կմնար իր տեղում, մոդեռն էլ` իր:
-Իսկ ո՞ր երեւույթից եք ամենից շատ նեղվում:
-Ինտելիգենցիան ժամանակին վերացրին, հիմա ուզում են հետ բերել: Մալխասի ասած. «Երկու պոդյեզդ երեւանցի ենք մնացել», հիմա արդեն մի պոդյեզդ, այն էլ չորսհարկանի շենքի: Այս սերունդն էլ կպրծնի, տեսնեմ՝ հաջորդներն ինչ են պատմելու:
Նկատել եք, այսօր այնքան աստղ ունենք, որ մթության մեջ կորել ենք: Ես ոչ թե ուզում եմ բողոքել, սա է իրականությունը: Իրական արվեստն այսօր հետին պլան է գնացել, ամեն ինչ փողի է վերածվել: Գիտե՞ք՝ ինչու են այսօր ուզում երգիչ-երգչուհի դառնալ, որ ճանաչված լինեն ու փող աշխատեն, ու կապ չունի՝ լավ է երգում, վատ է երգում, ով բոյֆրենդ է գտնում, երգչուհի է դառնում:
Մեր ժամանակ, եթե երգչուհին երգում էր Կոնստանտին Օրբելյանի մոտ, ուրեմն ինքը շատ դժվար ճանապարհ էր անցել: Այսօրվա մեր հայտնի երգչուհիներից մի քանիսը սկսել են Օրբելյանի մոտ ձայնակցելուց, ու տարիներ է տեւել, մինչեւ հասել են բարձունքի: Այսօր 4-ակորդանոց, 6-բառանոց երգ են գրում ու երգում, որ կես ժամ հետո էլ ասես՝ երգը կրկնի՛, ոչ ոք չի կրկնի, որովհետեւ չի հիշվել: Այս նույն վիճակը նաեւ այլ ոլորտներում է: Չեմ ուզում նստել ու խորհրդային ժամանակները գովել, բայց լավ բաներ կային, հենց մեկը ուսումը, դաստիարակությունը, հարգանքը մեծի հանդեպ: Ամեն մեկին չէին թողնում եթեր: Ով էլ ինչի հասնում էր, մեծ ճանապարհ էր անցնում:
-Ուզում եք ասել՝ խորհրդային տարիներին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը չի՞ աշխատել:
-Աշխատել է, բայց ոչ այս քանակներով, ինչ այսօր: Ես էլ միանգամից երաժիշտ չեմ դարձել: Սկզբում գնացի երրորդ կուլտուրայի տուն՝ կիթառի դասերի, հետո՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, հետո Ռոմանոս Մելիքյան, այնուհետեւ՝ Կոնսերվատորիա: 8 տարի սովորելուց հետո ինձ նոր ընդունեցին Հայ համերգի «Էրեբունի» խումբ: Այն էլ սկզբի 4 ամիսը որպես երկրորդ երաժիշտ էի կանգնում, մինչեւ մտնեմ ծրագրի մեջ:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս