Երեկ Կոնդի բնակիչները ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են, որ կառավարությունը պարտավորեցնի իրենց տներն իրացրած ընկերությանը կատարել ստանձնած պարտավորությունները եւ ժամանակին տալ վարձով բնակարանների համար նախատեսված վճարները:
Հիշեցնենք, որ 2007-ին կառավարության որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածն իրացվել է «Դաուն թաուն» կազմակերպության կողմից, իսկ մյուս մասը մնում է Երեւան համայնքի տրամադրության տակ: Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են, այդ տների բնակիչները 4 տարի է, ինչ ապրում են վարձով բնակարաններում: Իսկ Կոնդի մյուս հատվածում` Ռուսթավելու 1 հասցեում, բնակվում է 89 ընտանիք, որոնց տները դեռ չեն քանդել:
Դեռեւս մեկ ամիս առաջ նրանց խոստացել են, որ Երեւանի քաղաքապետի կողմից կկազմվի հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով եւ կվերանայի: Սակայն մեկ ամիսն անցել է, իսկ հանձնաժողովի մասին ոչ մի տեղեկություն չկա: «Գլխավոր խորհրդականը մեզ հստակ լուծումներ է տալիս, բայց ժամկետ չի ասում: Ես ամեն ամիս ավել 60 հազար տան վարձ եմ վճարում, ո՞վ պետք է իմ այս 4 տարվա վնասը փոխհատուցի: Դե հիմա դու՝ ֆինանսների հարգելի՛ նախարար, բարի՛ եղիր ու էժան վարձով տո՛ւն ճարի, որ հինգ հոգով ապրենք: Չկա»,-դժգոհեց ակցիայի մասնակից տիկին Իռան:
Ըստ Կոնդի բնակիչների՝ քանդված այդ մասը անջատել եւ հանձնել են «Գլենդել հիլզ»-ին: «Արդեն այդ գործընթացը կատարվել է: «Դաուն թաուն» կազմակերպությունից վերցրել են այդ մասն ու տվել այլ կազմակերպության: Հիմա այդ կազմակերպությունը գրանցված է պետռեգիստրում, սակայն անուն չունի, հայտնի չէ: Չգիտեմ, թե ինչպես է գրանցվել պետռեգիստրում, եթե անուն չունի, դա իմ համար առեղծված է: Իսկ պրն. Դավթյանն ասում է՝ ես չեմ հիշում, թե կազմակերպությունն ինչպես է կոչվում: «Գլենդել հիլզ»-ին նույնպես հայտնի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Կոնդի բնակիչ տիկին Իռան: Նա հստակ որոշել է, որ պայմանագիր կկնքի այն ժամանակ, երբ իր բնակարանը կգրանցվի պետռեգիստրում:
Նշենք, որ կոնդեցիները կառավարության շենքի առջեւ հանդիպեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանին, որը նույն պահին զանգահարեց «ԾԻԳ»-ի տնօրենին եւ պահանջեց գալ, տեղեկանալ խնդիրներից եւ զեկուցել:
Մեր զրույցի ընթացքում դժգոհող քաղաքացիներին միացավ «ԾԻԳ»-ի պետ Լեւոն Հակոբյանը՝ իր իրավաբանի հետ: Սակայն Հակոբյանը ոչինչ չէր կարողանում ասել: Նա առաջարկեց մի քանի հոգով գնալ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի մոտ: Ներկաներից մի քանիսը գնացին Դավթյանի մոտ: «Մեր ներկայությամբ պրն. Դավթյանը զանգեց «Գլենդել հիլզի»-ի տնօրենին ու ասաց, որ խեղդում են, տվե՛ք փողը: Վաղը (արդեն այսօր-Ս.Դ.) վարձավճարները կտան»,-«Ժողովուրդ»-ին պատմեց բնակիչներից մեկը:
ԿՈՆԴԵՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԼՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ