Նախընտրելի տարբերակ է և´ Ռուսաստանի, և´ Եվրոպայի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Եվրամիության նախաձեռնած զարգացման ծրագրերը շարունակվում են իրագործվել Հայաստանում՝ մասնավորապես արդարադատության, հանրային կառավարման եւ մասնավոր սեկտորի բարելավման ոլորտներում:

– Ինչպես գիտեք՝ Հայաստանը ընտրել է համագործակցության երկու ուղի եւ՛ Եվրոպայի, եւ՛ Ռուսաստանի հետ: Ձեր կարծիքով սկզբունքորեն հնարավո՞ր է համագործակցել միաժամանակ երկու ուղղություններով:

– Հնարավոր է, իսկ Հայաստանի նման երկրի համար՝ նույնիսկ նախընտրելի: Դա հնարավորություն կտա զարգացնելու ամուր եւ արդյունավետ երկկողմ հարաբերություններ թե՛ Եվրամիության եւ թե՛ Ռուսաստանի հետ: ԵՄ-ն իր գործընկերներին առաջարկում է համագործակցության բազմաթիվ տարբերակներ, եւ երկրներն ազատ են որոշելու համագործակցության խորության ձեւաչափը:

-Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան վերջերս հայտարարել էր, թե մոտ առաջիկայում կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների նոր փաթեթ. Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունքներ կունենա գործընթացը:

– Քանի որ որոշում է կայացվել դադարեցնել Ասոցացման ու Խորը եւ համապարփակ առեւտրի՝ արդեն բանակցված համաձայնագրերի ընթացքը, անհրաժեշտություն կա ստեղծել նոր իրավական փաստաթուղթ, որը կփոխարինի 1999-ից գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Այս փաստաթուղթը կներկայացնի այն հիմնական ոլորտները, որտեղ Հայաստանն ու ԵՄ-ն կարող են համագործակցել:

Միաժամանակ՝ ԵՄ նախաձեռնած զարգացման ծրագրերը շարունակվում են, մասնավորապես արդարադատության, հանրային կառավարման եւ մասնավոր սեկտորի բարելավման ոլորտներում: Մենք հուսով ենք, որ այս ծրագրերը կշարունակվեն եւ ոչ միայն կնպաստեն օրենսդրական դաշտի բարելավմանը, այլեւ իրապես կնպաստեն դրանց կյանքի կոչմանը:

– Ուկրաինայի դեպքերը Ձեր աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ եք կարծում, այն, որ Հայաստանը չգնաց Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհով, ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց:

– Մենք հարգում ենք այն որոշումը, որ Հայաստանը կայացրեց անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, դրա համար կային հստակ քաղաքական եւ տնտեսական պատճառներ: Բայց կարծում եմ, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ երկարաժամկետ առավելություններ կամ խնդիրներ կբերի Եվրասիական միությանը Հայաստանի միանալը: Մեր դերն է՝ ապահովել, որ Հայաստանը օգուտ քաղի ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններից:

– Հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի ստորագրումը Հայաստանի կողմից: Դիվանագիտական ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում. ՀՀ-ն կստորագրի՞ միանալու պայմանագիրը, թե՞ ոչ:

– Ես այդ մասին մամուլում բաց տեքստով արված հայտարարություններից բացի այլ տեղեկություն չունեմ:

– Ինչպիսի՞ գնահատական կտաք մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի եւ գրասենյակի ծավալած գործունեությանը: Ինչպես գիտենք՝ առեւտրականները կառավարության շենքի մոտ իրենց դժգոհությունն էին արտահայտում «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Ի պատասխան՝ իրավապահ մարմինները բերման ենթարկեցին ակտիվ քաղաքացիներին՝ Տիգրան Մեծի փողոցը փակելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Արդյո՞ք իրավապահ մարմինների նման քայլերը օրինական են եւ չեն հակասում մարդու իրավունքներին:

-«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ եւ ընդհանրապես իրենց իրավունքների համար պայքարողների մասին կարող եմ ասել, որ հանրահավաքներն ու խաղաղ բողոքի ցույցերը կարեւոր նշանակություն ունեն ցանկացած հասարակության համար, իսկ ոստիկանների աշխատանքն այդ հանրահավաքներում անչափ բարդ է, քանի որ, ըստ օրենքի, նրանք պարտավոր են ե՛ւ հանրահավաքներ իրականացնելու հնարավորություն տալ, ե՛ւ դա անել ողջամտության սահմաններում:

– ՄԱԿ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները»` խոսելով 2009 թվականին Ցյուրիխում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա փոխհարաբերությունները հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում՝ Հայաստա՞նն է դիվանագիտական ու քաղաքական սխալներ թույլ տալիս, թե՞ Թուրքիան:

– ԵՄ-ն շարունակում է պաշտպանել 2009 թվականին Ցյուրիխի, առանց նախապայմանների, արձանագրությունների վավերացման գաղափարը: Մենք հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն այս երկու երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Այս պարագայում մեր դերը դրական քայլերի խրախուսումն է, թեկուզ եւ դրանք լինեն փոքր:

– Օրերս Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ՝ անընդունելի համարելով «Իսլամական պետություն» ISIS-ի կողմից հայկական Դեյր Զորի եկեղեցու պայթեցումը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

– ԻԼԻՊ կողմից հայկական Դեյր Զորի եկեղեցու՝ հայերի համար պատմական եւ հոգեւոր մեծ արժեքի պայթեցումը ԻԼԻՊ-ի վայրագությունների եւ անհանդուրժողականության հերթական ապացույցն է: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց այն մեծ վտանգը, որ սպառնում է Սիրիայի եւ Իրաքի հայ ու այլ կրոնական եւ էթնիկ համայնքների ներկայացուցիչներին: Մեր վարչապետը սեպտեմբերի 26-ին պարլամենտում ԻԼԻՊ-ը որակեց որպես այնպիսի ահաբեկչական կազմակերպություն, որի նմանը մենք չենք հանդիպել նախկինում՝ իր սահմռկեցուցիչ դաժանությամբ եւ փառամոլությամբ: Ահա թե ինչու Միացյալ Թագավորությունը Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ինչպես նաեւ՝ Փարիզում եւ Նյու Յորքում կայացած հանդիպումների ընթացքում ազգերի կոալիցիա ստեղծելու ջանքեր է գործադրել իր գործընկերների հետ՝ այս վտանգին դիմակայելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս