«Սանոֆի-Ավենտիսը» բարձր է գնահատում դեղորայքի դրոշմապիտակավորմանն ուղղված քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ընդունեց «Սանոֆի-Ավենտիս գրուպ» հանրահայտ դեղագործական ընկերության եվրասիական տարածաշրջանի տնօրեն Յուրի Օրլովին և «Սանոֆի-Ավենտիս գրուպի» տարածաշրջանային տնօրեն Վասիլի Ստեփանյանին: Եվրոպայում և աշխարհում դեղագործական արդյունաբերության ոլորտում խոշորագույն այս ընկերության անվտանգության գծով ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ծանոթանալու տվյալ ոլորտում մեր երկրի ունեցած ներուժին եւ համագործակցության հնարավորություններին:
Ոջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ Հայաստանի հանդեպ նման խոշոր ընկերության հետաքրքրությունը դեղագործության ոլորտում երկկողմ համագործակցության սերտացման հնարավորություն կստեղծի:

«Դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումը մեզ համար առաջնահերթ նպատակ է։ Մեր երկիրը կեղծ դեղերի դեմ պայքարի մեթոդներ է մշակում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Յուրի Օրլովը նշեց, որ իրենց ընկերությունը ևս մեծ ուշադրություն է դարձնում կեղծ դեղերի դեմ պայքարին:

«Մեր հիմնական նպատակն է վերահսկել, որպեսզի դեղի` արտադրությունից մինչև դեղատուն շղթան լինի վերահսկելի»,-ընդգծեց եվրասիական տարածաշրջանի տնօրենը: Նրա գնահատմամբ` ողջունելի է Հայաստանի հաստատակամ որոշումը, քաղաքական կամքը դրոշմապիտակավորման ճանապարհով դեղերի անվտանգությունն ապահովելու գործում:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը օգոստոսի սկզբից համատեղ երկկողմ բաց հուշագիր է ստորագրել դեղագործական գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ կազմակերպություններիհետ:

«Սանոֆիի» ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեց միանալ հուշագրի ստորագրմանը:

Անդրադառնալով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման գործընթացին («Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից) նա կարծիք հայտնեց, որ դրոշմապիտակավորումը կեղծ դեղերի դեմ պայքարի արդյունավետ միջոց է:

Յուրի Օրլովն ընդգծեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարում Հայաստանն առաջադեմ երկրներից մեկն է և իր հնարավորությունների սահմանում բավականաչափ միջոցառումներ է իրականացնում այս ուղղությամբ։ Նշեց, որ դեղի շրջանառության ոլորտում նկատելի հաջողություններն արդյունք են նաև պատասխանատու կառույցի` ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական փորձագիտական կենտրոնի արդյունավետ աշխատանքի։
«Ես բարձ եմ գնահատում Հայաստանի կողմից դրոշմապիտակավորման իրականացումը, որովհետև այն միտված է դեղերի որակի և անվտանգության վերահսկմանը»,-ասաց դեղերի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան:

ՀՀ առողջապահության նախարարը շեշտեց, որ պարտադիր դրոշմապիտակավորումը կնպաստի դեղերի որակի և անվտանգության ապահովմանը` չվնասելով սպառողի գրպանին:

Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես որոշվեց 2015 թ. մայիսին Հայաստանում դեղագործության ոլորտի արդիական հարցերին նվիրված համատեղ համաժողով անցկացնել:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։




Լրահոս