Սևանի փողոցները խայտառակ վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր կան քաղաքներ, որոնց ճանապարհներն անմխիթար վիճակում են: Բնակիչները դժվարությամբ են հիշում, թե քաղաքային իշխանությունները վերջին անգամ երբ են ասֆալտապատել ճանապարհները: Այդ քաղաքների շարքում առանձնանում է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը, որի միջքաղաքային եւ ներքին ճանապարհներն արդեն տասնյակ տարիներ գտնվում են անտանելի վիճակում: Սա մշտապես առաջացնում է իրենց մեքենաները շարքից հանող վարորդների զայրույթը, որոնք յուրաքանչյուր փոսից հետո բարձրաձայն «օրհնում են» քաղաքային իշխանություններին:

Սեւանի՝ խայտառակ վիճակում գտնվող ճանապարհների մասին վաղուց է բարձրաձայնվում, սակայն դա կարծես թե ամենեւին չի մտահոգում ո՛չ տեղական, ո՛չ էլ համապետական իշխանություններին: Համենայն դեպս` տարիներ շարունակ զբոսաշրջային նշանակություն ունեցող քաղաքի ճանապարհները քիչ թե շատ երթեւեկելի տեսքի բերելու համար ո՛չ համայնքային, ո՛չ էլ պետական բյուջեում միջոցներ չեն գտնվել: Արդյունքում, հատկապես սեւանցի վարորդները, հայտնվել են անելանելի դրության մեջ` յուրաքանչյուր ամիս ստիպված լինելով մի կլորիկ գումար վճարել ավտոմեխանիկներին` իրենց ջարդված մեքենաները նորոգելու համար:
Իրավիճակն առանձնապես չփոխվեց նաեւ այն բանից հետո, երբ այս գարնանը ՀՀ կառավարությունը Սեւանի ճանապարհների վերանորոգման համար հատկացրեց 50 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի այցելության ժամանակ քաղաքի ճանապարհներից մեկում ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացվում, սակայն դրանից վարորդներն ամենեւին չէին ոգեւորվում:

«Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի վարորդների հետ, ովքեր զայրացած նշեցին, որ քաղաքային իշխանությունները ողջ ամառ ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացրել: «Հիմա, որ արդեն ցրտերն ընկել են, անձրեւային եղանակները սկսվել են, բերել են ու ինչ-որ գործ են անում: Ձյունն էլ կգա ու կփչացնի իրենց արածը»,- վրդովված նկատեցին վարորդները:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սեւանցի վարորդները նույնիսկ կատակեցին՝ նշելով, թե ճանապարհների փոսերն այնքան խորն են, որ հերթական անգամ դրանց հանդիպելիս՝ նույնիսկ հեռախոսն է անհասանելի դառնում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, ով միանգամից սկսեց արդարանալ. «Բնականաբար մեկ տարվա ընթացքում քսան տարվա բաց թողածը չես կարող լրացնել: Մենք ունենք 780 հազար քմ ասֆալտապատ ծածկույթ, որից այսօր շահագործման ենթակա է 50-60 հազարը: Դա կազմում է մոտավորապես 8 մլրդ դրամ: Իսկ տեղական բյուջեով դա իրագործելն անհնարին բան է: Տեղական բյուջեն կազմում է 430 մլն դրամ, որից 300-ն ուղղակի աշխատավարձեր են, 86 մլն դրամը՝ կոմունալ ծախսերը: Մենք լավագույն դեպքում կարող ենք տարեկան 25-30 մլն դրամի սահմաններում փոսային նորոգում անել: Սա ծրագրավորված աշխատանք պետք է լինի, որի համար մենք կառավարությունում եւ հանրապետության նախագահի առջեւ հարց ենք բարձրացրել: Ձեզ տեսանելի են միայն ասֆալտապատման խնդիրները, բայց մենք ունենք նաեւ այլ խնդիրներ: Ինձ՝ որպես քաղաքապետ, տեսանելի են ներքին կոմունիկացիաները, տանիքները, շենքերի մուտքերը եւ բազմաթիվ այլ հարցեր»:

Զրույցի ավարտին Սեւանի քաղաքապետը նշեց, որ չի մեղադրում վարորդներին, սակայն խնդիրը լուծելու համար նախ ժամանակ է պետք, հետո՝ գումար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս