«Երազում եմ, որ մայրիկիս աչքերը տեսնեն…». 11-ամյա Կարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամուսինս մի քանի տարի առաջ խփեց աչքիս, չհետեւեցի, աստիճանաբար կուրացա»,-չհաջողված երկու ամուսնությունների մասին խոսելիս պատմում է արմատներով գորիսեցի Լուսինե Առուստամյանը: 2008-ից 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ մոտ մեկ տարի առաջ գրեթե կուրացել է:

Լուսինեն մի քանի անգամ տարբեր բժիշկների է դիմել, սակայն նրանք չեն երաշխավորել, որ վիրահատությունից հետո քառասունամյա կնոջ տեսողությունը կվերականգնվի:

Կապանի Հունան Ավետիսյան փողոցում հազիվ գոյատեւող միայնակ մոր ու նրա երեք որդիների մասին տեղեկացանք քաղաքապետարանից: Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նելլի Շահնազարյանի խոսքով փոքրիկ օգնության հնարավորության դեպքում անգամ առաջինը տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող կնոջն են զանգահարում եւ օգնում, ինչով կարողանում են:

11-ամյա որդու՝ Կարենի ձեռքից բռնած տեղաշարժվող կինը, մինչ իր ձախողված անձնական պատմությանն անցնելը, շնորհակալություն հայտնեց մարզպետարանից և քաղաքապետարանից՝ աջակցելու համար: Տան ամենափոքն է Կարենը: Սովորում է Կապանի՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, միայն շաբաթ և կիրակի օրերին է տուն գալիս:

Լուսինեի նախկին երկու ամուսինները Հայաստանում չեն, 18 տարուց ավել է` միայնակ մոր կարգավիճակում իր վրա է վերցրել որդիներին մեծացնելու հոգսը: Ասում է՝ խնդիրներս քիչ էին, ավագ որդիս՝ Հարությունը, գողության համար դատապարտվեց 5 տարի:

«Պարզվումա, սիրահարվածա, սաղ էդ ընկերուհինա մեղավոր: Մի օր էլ ՎՏԲ-ից ծանուցագիր եկավ, որ ձեր անունով ձեր տղան ոսկիները գրավա դրել, հիմա էլ տոկսոներա գալիս: Ասում եմ՝ դուք ինձ տեսել եք, որ վարկ եք տալիս»,-բորբոքված պատմեց Լուսինեն: Կալանավորված որդու պարտքերը ստիպված մայրն է մարում` ապրուստի միակ միջոցով՝ հաշմանդամության թոշակով ու նպաստով: Ասում է՝ ԴԱՀԿ-ից հայտնել են, որ մորից ժառանգություն ստացած բնակարանի մեկ հինգերորդ մասը պետք է բռնագանձեն:

Լուսինեի միջնեկ որդին, որն այդ պահին տանը չէր, ստիպված տնից մի ամբողջ օր դուրս է գալիս, շինարարությունում աշխատում, որ օրվա հացի փող վաստակի:
11-ամյա Կարենը, ով տանն անգամ հեռուստացույց դիտելու հնարավորություն չունի, խնամքի կենտրոնում իրեն լավ է զգում, ընկերներով շրջապատված է, բայց միեւնույն ժամանակ օրվա ընթացքում րոպե անգամ գլխից չի հանում տանը միայնակ մնացած անպաշտպան մորը, ով ամեն պահի կարող է իրեն վնասել:

Լուսինեի խոսքով՝ բնակարանում մշտապես ցուրտ է, իսկ ձմռանը տաքացնում են, ինչով կարողանում են: Այս պահին տղան հագնելու, հեռուստացույց ու նոր հեծանիվ ունենալու մասին չի երազում, այլ ընդամենը մեկ բան է ուզում. «Մայրիկիս աչքերը տեսնեն, մնացածը կանենք: Մեկել օրվա հացը լինի»:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան




Լրահոս