«Ստորագրահավաք՝ հանուն մատչելի Երևանի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպել է «Ստորագրահավաք՝ հանուն մատչելի Երևանի» ակցիայի նախաձեռնող խմբի անդամների հետ, ովքեր քաղաքապետի օգնականին են հանձնել խորհրդանշական թվով՝ 2796 քաղաքացիների ստորագրած քարտերով տուփը։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ նման ակցիայի նպատակն էր կոչ անել քաղաքապետարանին ավելացնել մատչելիության խնդիրների լուծմանը տրամադրվող միջոցները։

Սամվել Մերթարջյանը նախաձեռնող խմբին շնորհակալություն է հայտնել հասարակական ակտիվության համար:

«Մենք համաձայն ենք ձեզ հետ, և քաղաքապետարանը դա ապացուցում է գործնականում. եթե 2013 թվականին համայնքային բյուջեով 20 մլն դրամ էր տրամադրվել թեքահարթակների կառուցմանը և 81 թեքահարթակ էր կառուցվել, ապա 2014 թվականին միջոցները կրկնապատկվել են, ծրագրին հատկացվել է 40 մլն դրամ, կառուցվում է 200 թեքահարթակ և սա միայն համայնքային բյուջեով առանձին ծրագրի թվերն են։ Առաջիկայում սպասվում է բյուջեի քննարկումը, որի ընթացքում ևս զգալի կլինի համապատասխան մոտեցումը՝ զարգացումը»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը և ընդգծել, որ ծրագիրն իրականացվում է Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Համեմատելով թեքահարթակների ծրագրի 2013 և 2014 թվականների ծավալները՝ Երևանի քաղաքապետի օգնականը նշել է, որ անցյալ տարի, համայնքային բյուջեով հաստատված ծրագրից բացի, ևս 290 թեքահարթակներ կամ հարմարեցումներ կառուցվել են փողոցների հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքում, այս տարի նույնկերպ ևս 400–ն են կառուցվել։ Ընդ որում, 2014 թվականին նաև մասնավորն է ակտիվորեն ներգրավվել քաղաքը հարմարավետ դարձնելու քաղաքապետարանի նախաձեռնությանը և, այս պահի դրությամբ, մասնավորի միջոցներով արդեն 265 թեքահարթակ է կառուցվել հանրային օբյեկտների մուտքերի մոտ։

Ստորագրահավաքը համակարգող Զառա Բաթոյանը  շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նկատել, որ քաղաքապետարանը վերջին երկու տարիներին էականորեն բարելավել է քաղաքի հարմարավետությունը։

«Մեր նախաձեռնող խումբը Երևանի տոնին ընդառաջ իրականացրել է խորհրդանշական թվով մասնակիցներով ստորագրահավաք՝ հանուն մատչելի Երևանի։ Մենք գնահատում ենք քաղաքապետարանի վերջին տարիներին կատարած աշխատանքը. անձամբ ակտիվ մասնակից եմ եղել քաղաքապետարանի հրավիրած խորհրդակցություններին, քննարկումներին»,- նշել է Զառա Բաթոյանը և հավելել, որ ստորագրահավաքը բացի բուն ուղղվածությունից ունեցել է նաև մեկ այլ նպատակ ու առաքելություն՝ իրազեկել քաղաքացիներին իրենց խնդիրների մասին, ինչի արդյունքում հաճելիորեն նկատել են, որ երևանցիները ևս իրենց կողքին են, խնդիրների հանդեպ սրտացավ են և անհրաժեշտության դեպքում պատրաստակամ են իրենց աջակցությունը ևս ցուցաբերել։

Քաղաքապետի օգնականը հավելել է, որ երևանցիների վերաբերմունքն  ակնհայտ էր ծրագիրն իրականացնելու առաջին իսկ օրից, երբ մասնավոր հատվածը, արձագանքելով Երևանի քաղաքապետի հորդորին, թեքահարթակներ կամ հարմարություններ է կառուցում իր գործունեության վայրում, հանրային օբյեկտների մուտքերի մոտ։

«Մենք ոչ միայն մատչելիության խնդիր ենք լուծում. սա անջրպետի կոտրում է, սա սոցիալացման գործիքներից մեկն է»,- նշել է Սամվել Մերթարջյանը։

Քաղաքապետի օգնականը հյուրերին է ներկայացրել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար տրանսպորտի բարելավման առաջին ծրագրի ընթացքը։ Տրանսպորտային միջոցներում հատուկ վերելակները տեղադրելու առաջին ծրագրին 2014 թ. համայնքային բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել։

«Մինչև նոյեմբերի 15–ը, եթե որևէ հավելյալ խնդիր չառաջանա, մայրաքաղաքում կունենանք 10 ավտոբուս՝ հատուկ վերելակներով կահավորված։ Ի սկզբանե նշեմ, որ երթուղին, ժամային գոտիները ճշտելու ենք հասարակական կազմակերպությունների հետ, որովհետև ծրագիրը թիրախային է, և համոզված եղեք, այս ամենը տարիների ընթացքում բազմապատկվելու է։ Ի դեպ, «Էրեբունի-Երևան 2796»  տոնակատարությունում նորարարության՝ կոնֆերանսի 11 զեկույցներից մեկը նվիրված է մատչելի Երևանի գաղափարին։ Մինչև 2025 թվականը մեր տեսլականը ներկայացնելու ենք, 5 հասարակական կազմակերպություններ ենք հրավիրել կոնֆերանսին»,- ներկայացրել է Սամվել Մերթարջյանը։




Լրահոս