Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում: 23-ամյա Հեղինե Գալստյանը դանակով, կացնով և լինգով մի քանի անգամ հարվածել և սպանել է 39-ամյա Ալեքսանդր Կլիմովին:
Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Հեղինե Գալստյանի գործի դատական քննությունը, և նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Հեղինեի զոհը նրա ընկերուհու` Սյուզաննա Հովհաննիսյանի ամուսինն էր: Սյուզաննայի հետ Հեղինեն ծանոթացել է այն ժամանակ, երբ նոր էր ամուսնալուծվել և մերժվելով ծնողների կողմից` հայտնվել էր փողոցում: Համաձայնություն ստանալով նորահայտ ընկերուհուց` Հեղինեն բնակություն է հաստատում նրանց տանը, որտեղ ապրում էին նաև Ալեքսանդրն ու նրա անչափահաս դուստրը:
Հետագայում Հեղինեն դատարանում պատմել է, որ ինքը ամուսնալուծվելուց հետո երեխայի հետ հայտնվել է փողոցում, և ձմռանը մրսելու հետևանքով` իր երեխան մահացել է: Դստեր մահից առաջ մահացել էր նաև որդին: Դստեր հուղարկավորությունից հետո միայն կարողացել է իր համար ապաստան գտնել:
Դատական ակտի համաձայն` հուլիսի վերջին Սյուզաննան ընդհարվել է ամուսնու հետ, դստերը թողել նրա մոտ ու առանց որևէ մեկի բան ասելու՝ տնից հեռացել է:
Իսկ Հեղինե Գալստյանը շարունակել է ապրել Սյուզաննայի ամուսնու՝ Ալեքսանդրի, ու դստեր հետ:
2013 թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը Հեղինեն իր օթևանած տանը հենց Ալեքսանդր Կլիմովի անկողնու մեջ դանակով, կացնով ու լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կլիմովին ու սպանել է նրան:
Հետո Հեղինեն սպանության ականատես անչափահաս աղջկան առաջարկել է օգնել իրեն ու Կլիմովի դիակը թաքցնել: Եվ նրանք միասին դիակը տեղափոխել են նույն տան հետնամասում գտնվող նկուղ ու պահել այնտեղ:
Հեղինե Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար:
Նա պատմել է, որ այդ բնակարանում ապրելու ընթացքում երբեմն իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել Ալեքսանդրի հետ, և դա տևել է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեջ կասկածներ չեն մտել, թե Ալեքսանդրը կարող է վեներական հիվանդություն ունենալ: Այնուամենայնիվ, նա շարունակել է մնալ Ալեքսանդրի տանը:
Դեպքի գիշերը քնած է եղել, երբ Ալեքսանդրն ալկոհոլի ազդեցության տակ տուն է եկել ու պահանջել, որ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն ունենան: Ինքը մերժել է:
Ալեքսանդրը ձեռքերով հարվածել է իր կողերին, քաշել մազերից, ապտակել, ապա իր կամքին հակառակ իրեն գցել է անկողնու վրա, հանել է շորերը: Ինքը դանակով մի քանի անգամ հարվածել է Ալեքսանդրին, հետո խփել է լինգով ու կացնով և տեղում սպանել է նրան:
Հեղինեի խոսքերով` Ալեքսանդրը դեպքի գիշերն իրեն ցանկացել է ուժով տիրանալ, ինքը դանակով հարվածել է մի քանի անգամ, հետո չի հիշում՝ ինչպես է սպանել նրան: Միայն հիշում է, որ կացնով չի խփել:
Ոստիկանների կողմից ողջ և առողջ ի հայտ բերված Սյուզաննան ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ: Նա հայտնել է, թե Ալեքսանդրի հետ ապրել է մոտ չորս տարի: Ալեքսանդրը, իր այրու պատմածի համաձայն, եղել է հանգիստ բնավորության տեր, ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալու հակումներ չի ունեցել:
Ալեքսանդրը, ըստ Սյուզաննայի, խեղճ ապրած մարդ է եղել, եթե նրան չդրդեին, ուրիշին վնաս չէր տա. խղճով էր, կարող էր շուտ բռնկվել, շուտ էլ հանգստանալ:
Իր դստերը նրա մոտ թողնելով՝ չի անհանգստացել, որովհետև Ալեքսանդրը երեխային շատ լավ է վերաբերվել, բացի դրանից՝ ինքը մտածել է, թե իր մայրը կիմանա, որ ինքը տանից գնացել է, թոռնուհուն կտանի իր տուն:
Իսկ անչափահաս աղջիկն ասել է, թե ինքը դեպքի գիշերն արթնացել է ու տեսել, որ Հեղինեն լինգով, հետո դանակով խփում է անկողնում պառկած Ալեքսանդրին: Հեղինեն սպառնացել է իրեն, այդ պատճառով էլ ինքը վախեցել է, կատարվածի մասին ուրիշներին չի ասել: