“Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, ուժային եւ հարկային ահաբեկումների այն ահավոր մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։
Ես չեմ ուզում խոսել անցած ընտրությունների որակի, համատարած ընտրախախտումների, կրկնաքվեարկությունների, զանգվածային ընտրակաշառքի կամ ընդհանրապես դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին, որովհետեւ նախ՝ այդ հարցերին հանգամանորեն անդրադարձան նախորդ հռետորները, եւ երկրորդ՝ քանի որ այս անգամ եւս, դժբախտաբար, հաստատվեց իմ այն պնդումը, որ Հայաստանում կայացած ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատ է եղել քան նախորդը, եւ որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ, դիտորդների զգոնությունը բթացնելու համար, հանցավոր ռեժիմը հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։
Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն, եթե միջազգային դիտորդական առաքելությունները, չնայած իրենց մատնանշած բազմաթիվ թերացումներին, այդ ընտրություններն, ըստ էության, օրինական են համարում, թող համարեն։ Դրանից ո՛չ մեր իշխանությունների որակն է փոխվելու, ո՛չ էլ՝ միջազգային հանրության դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ։ Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը, իսկ միջազգային հանրությունը, հակառակ իր հավաստիացումներին, ինչպես նախկինում, այսուհետեւ եւս ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները շարունակելու է ստորադասել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության աշխարհաքաղաքական նկատառումներին։ Եւ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր վարչախմբին աշխարհը աջակցելու, փայփայելու ու գուրգուրելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել նախ՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումը, իսկ ապա՝ Լեռնային Ղարաբաղի ձեռքբերած փաստացի անկախությունն ու ազատագրված բոլոր տարածքները։
Այնպես որ, եթե Հանրապետական կուսակցության հաղթանակն իսկապես հաղթանակ է, ապա դա հաղթանակ է ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ միայնումիայն սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ, քանի որ այդ հաղթանակի շնորհիվ նա անպատիժ կերպով ժողովրդին կեղեքելու եւ երկիրը թալանելու եւս մի քառամյա ժամկետ է ստացել։ Իրենց ձայներն ընտրակաշառքի դիմաց վաճառածները, ընտրական հանձնաժողովների բոլոր գնված անդամները, ժողովրրդի կամքի վրա բռնացած բոլոր մանր ու միջին պաշտոնյաները, ցավոք, դա շուտով իրենց մաշկի վրա են զգալու։ Նրանցից շատերը մինչեւ հաջորդ ընտրությունները մատնվելու են ծայրահեղ աղքատության եւ, սեփական երկրի հետ որեւէ հույս չկապելով, բռնելու են գաղթի ճամփան։ Ամենեւին մտադիր չլինելով աղետ գուշակել ու հուսահատություն սերմանել, չեմ կարող թաքցնել, որ այս ընտրություններից հետո Հայաստանի ապագան ինձ ավելի մռայլ ու անմխիթար է թվում։ Առնվազն անորոշ մի ժամանակ եւս մեր երկրի իրականության վերաբերյալ, առանց հումորի զգացողության, հնարավոր չի լինելու գործածել այնպիսի բնական բառազույգեր, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան եւ ժողովրդավարություն, Հայաստան եւ բարեկեցություն, Հայաստան եւ արդարադատություն, Հայաստան եւ արժանապատվություն, կամ՝ իշխանություն եւ պատասխանատվություն, իշխանություն եւ պարկեշտություն, իշխանություն եւ բարեկրթություն, իշխանություն եւ օրինապաշտություն եւ այլն։ Հայ Ազգային Կոնգրեսի շահած ձայները լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հոռետեսներն ու չարախնդացողները՝ ձախողում։ Հաջողություն դիտելու պարագայում պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին ու, առաջին հերթին, այս հրապարակում կանգնածներին, ովքեր իրենց ձայնը տվել են Կոնգրեսին։ Իսկ ձախողում համարելու պարագայում՝ դրա ողջ պատասխանատվությունն, առանց սեթեւեթանքների, վերցնում եմ ինձ վրա, մեծապես գնահատելով Կոնգրեսի ղեկավար մարմինների, տարածքային կառույցների, հազարավոր ակտիվիստների եւ տասնյակ հազարավոր համակիրների տքնաջան աշխատանքը։ Անկախ ընտրությունների արդյունքից ու գնահատականից, Հայ Ազգային Կոնգրեսը, զորացած թեկուզ փոքրիկ խորհրդարանական խմբակցությամբ, շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար։ Ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու։ Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետեւենք նրանց։ Եթե մնանք մենակ, միեւնույն է, պայքարելու ենք մինչեւ վերջ։ Ո՛չ ահաբեկումները, ո՛չ բռնությունները, ո՛չ էլ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեզ չեն կոտրելու։ Մենք երբեք չենք շեղվել ու այսուհետեւ էլ չենք շեղվելու Սահմանադրության ու օրենքների պահանջներից, որովհետեւ համոզված ենք, որ վերջիվերջո հաղթելու է օրինականությունը։ Վստահեցնում եմ, որ կոնգրեսական պատգամավորներն առավելագույնս օգտագործելու են խորհրդարանական ամբիոնը, եւ շուտով դուք ականատես եք դառնալու իրական պառլամենտարիզմից բխող նրանց բուռն գործունեության։ Քանի որ ես միշտ բաց ու անկեղծ եմ եղել ձեզ հետ, ուստի պարտավոր եմ խոսել նաեւ իմ անձնական ծրագրերի մասին։ Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ ես իմ պատգամավորական մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսն Ազգային Ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը։ Բացի այդ, քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Պատգամավորական մանդատից հրաժարումը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։