3 կրակոցով սպանվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 8-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ինչպես Աշտարակից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը մահացել է։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գոռ Ալեքսանյանի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանն էր։
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակի նախկին շրջկոոպի շենքի տարածքից։ Դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ և 1 գնդակ։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ կրակել են Ա. Հովակիմյանի ոտքերին, իսկ Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1–ին մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով։ Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են և ուղարկվել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ պարզելու համար սպանության դրդապատճառները, նաև հայտնաբերելու հանցագործություն կատարողին։
Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին Աշտարակ են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վար է ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազը։ 




Լրահոս