Հոկտեմբերի 5-ին Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանի և Ռ.Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերևույթ հանցագործություն կատարած անձը։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով քննիչի միջնորդությունը, և առերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։
2014 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 22:20-ին, «Ստեփանավան ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի հարվածից ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել Ստեփանավանի բնակիչներ Վ.Կռոյանը եւ Ռ.Մանուկյանը:
Վ.Կռոյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած, չթափանցող վերք աջից, իսկ Ռ.Մանուկյանի մոտ` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` արտաքին արյունահոսությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին