Այսօր մայիսի 9-ն է` Շուշիի ազատագրման 19-ամյակը: 1992թ. այս օրը նշանավորվեց մեր նորագույն պատմության ամենափայլուն հաղթանակներից մեկով` ազատագրվեց հայոց հինավուրց Շուշի քաղաքը։ Սրանով բեկում մտցվեց ողջ Արցախյան պատերազմում:
“Հարսանիք լեռներում” ծածկանունը կրող մարտական գործողությունը, որն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով, սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Գործողությունը ամբողջությամբ ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի /ԻՊՈւ/ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դարիբալթայանը, Ս. Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զ. Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ Օ. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել: Այդ ռազմագործողության մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈւ-ի մարտական լուրջ մկրտությունը: Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին), եւ մայիսի 18-ին բացելով “Մարդասիրական միջանցքը” ` հասավ ՀՀ սահման: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը:
Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը: Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը: