«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային դաշտում վերջին օրերին կրճատվել է տարադրամի առաջարկը: Հայաստանյան շուկայում ամերիկյան արժույթի ուժեղացումը, ըստ էության, ունի նաեւ ներքին պատճառներ: Նկատվում է տրանսֆերտային հոսքերի կրճատում: Մի բան, որ լուրջ գործոն է Հայաստանի արժութային շուկայի եւ ընդհանրապես վճարային հաշվեկշռի հավասարակշռության պահպանման համար: Վերջին ամիսներին, արտահանման ծավալների կրճատման հետեւանքով, նվազել են նաեւ այդ ոլորտից ստացվող տարադրամային միջոցները:
Ըստ ամենայնի, դոլարի թանկացման վրա առկա է նաեւ սեզոնայնության գործոնի ազդեցությունը: Սովորաբար այս շրջանն ուղեկցվում է ներմուծման ֆինանսավորման ակտիվացմամբ, ինչը հավելյալ տարադրամային միջոցներ է պահանջում: Այս ամենը բնականաբար որոշակի սպասումներ են ձեւավորել արժութային շուկայում: Դրա վկայություններից մեկն էլ փոխանակման կետերում ամերիկյան արժույթի առք ու վաճառքի գնի զգալի տարբերությունն է: Արտաքին հատվածից թելադրված դրսեւորումները հայաստանյան շուկայում առկա են նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի վրա: Արդեն տեւական ժամանակ ռուբլին էժանանում է: Ինչպես հայտնի է, դոլարի գինը ռուսական շուկայում մի պահ հատեց 40 ռուբու սահմանը: Այժմ էլ շատ չի տարբերվում դրանից, թեեւ տատանվում է 40 նիշից մի փոքր ներքեւ:
Ռուսական շուկայի այս դրսեւորումների հետեւանքով ռուբլու գինը այժմ Հայաստանում 10,2 դրամ է: Այն դեպքում, երբ ուղիղ մեկ տարի առաջ գերազանցում էր 12,5 դրամը: Այլ կերպ ասած, այդ ընթացքում ռուսական արժույթի արժեզրկումը հայաստանյան շուկայում անցնում է 18 տոկոսից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: