ՊՆ-ն կնոջը վտարեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփականության իրավունքով նախարարությանը պատկանող Դիլիջանի Զինվորական թաղամասի 103/1 տնակից Հերմինե Անտոնյանին վտարելու պահանջով: Հայցի մեջ նախարարությունը հայտնել է, որ Հ. Անտոնյանը Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկում երբեւիցե ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել, սակայն 2002թ.-ից ապօրինի զբաղեցնում է Զինվորական թաղամասում գտնվող հիշյալ տնակը, որը հանդիսանում է պաշտպանության նախարարության սեփականությունը: Հայցադիմումի մեջ նշված է. «Պատասխանող Հ. Անտոնյանը տարբեր հրամանատարների կողմից բանավոր բազմիցս զգուշացվել է տնակն ազատելու վերաբերյալ, սակայն ապարդյուն»:

Հ. Անտոնյանը 2008թ. հունիսի 27-ին այդ տնակում հաշվառվել է փաստացի հիմունքներով, որի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից կատարված ստուգման արդյունքները: Դիլիջանում 2014թ. օգոստոսի 7-ին կայացած նախնական դատական նիստում Հ. Անտոնյանն առարկել է հայցի դեմ, սակայն պատշաճ ծանուցված լինելով սեպտեմբերի 19-ին նշանակված դատաքննության մասին, դատական նիստին չի ներկայացել: Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է հայցը բավարարել եւ Հ. Անտոնյանին վտարել ՀՀ պաշտպանության նախարարության սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Զինվորական թաղամասի թիվ 103/1 հասցեում գտնվող տնակից: Տարակուսելի է, թե ինչպե՞ս է զինվորական ծառայության մեջ չգտնվող կինը 12 տարի բնակվել պաշտպանության նախարարությանը պատկանող տնակում: Միթե այս ողջ ընթացքում նախարարությունը գույքի հաշվառում չի արել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս