Տիմոշենկոն տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Խարկովի կալանավայրից այսօր առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները կփորձեն նրան դուրս բերել հացադուլից, հայտնում է “ԻՏԱՌ ՏԱՍՍ” գործակալությունը: Օրեր առաջ Տիմոշենկոն բանտից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչից հետո ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել` ի նշան իր նկատմամբ վատ վերաբերունքի: Նրա դուստրը` Եվգենյան, հայտնել է, որ իր մոր բուժմամբ կզբաղվի Բեռլինի “Շարիթե” կլինիկայի բժիշկ- նյարդաբան Լութց Հարմսը` նախ իր մորը դուրս բերելով հացադուլից:

“Հացադուլի պատճառով բուժումը միանգամից չի լինի: Այդ վիճակից դուրս բերելու համար կպահանջվի 10 օրից 2 շաբաթ ժամանակ, ինչից հետո կսկսվի թերապիան”,- ասել է նա: Տիմոշենկոյի հետ կապված վատ վերաբերմունքի պատճառով իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը: Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ հայտարարել են, որ չեն մասնակցի Ուկրաինայում անցկացվելիք Կենտրոնական Եվրոպայի գագաթնաժողովին ու ամռանն անցկացվելիք Եվրո-2012-ի խաղերին: Երեկ Ուկրաինան ստիպված չեղյալ հայտարարեց նախատեսված գագաթնաժողովը:




Լրահոս