Տավուշցիները վառելափայտի խնդիրը չեն կարողանում լուծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի առաջին տասնօրյակն է, սակայն Տավուշի մարզի բնակիչների զգալի մասը դեռ ձմռան վառելափայտի խնդիրը չի լուծել: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան, Ոսկեպար գյուղերի բնակիչները «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ պետության կողմից որպես թափուկ հատկացված փայտը անտառի խորքերում է գտնվում, եւ այն պատրաստելու, տեղափոխելու համար մեծ ծախսեր են հարկավոր:

Շատ ընտանիքներ հազիվ են գոյատեւում եւ չեն կարող նման ծախսեր անել: Այդ գյուղերում մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 12 հազար դրամ է:
Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանից տեղեկացանք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի (բացի Վրաստանին սահմանակից 4 գյուղերից) ընտանիքներին անվճար հատկացվել է 8 խորանարդ մետր թափուկ` ինքնապատրաստմամբ:

Մեր դիտարկմանը, թե այդ թափուկը անտառի խորքերում է գտնվում, եւ դրա պատրաստումը մեծ ծախս է պահանջում, անտառտնտեսության տնօրենն արձագանքեց. «Քանի որ թափուկն անվճար է տրվում, գյուղացիները կարող են այն տեղափոխող տրանսպորտի համար որոշակի ծախս կատարել»:
Վ. Չիլինգարյանը հայտնեց, որ սահմանամերձ, անտառակից Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան եւ Դովեղ գյուղերի բնակիչներին թույլատրվել է պետականորեն հաստատված գնի կեսի չափով՝ խորանարդ մետրը 4860 դրամով, թաց կանգուն վառելափայտ պատրաստել:

Վերոհիշյալ 4 գյուղերի բնակիչներին նման կերպ կհատկացվի ընդհանուր առմամբ 800 խորանարդ մետր վառելափայտ: Վ. Չիլինգարյանը, սակայն, նշեց, որ խանգարող հանգամանք են շարունակվող անձրեւները, որոնց արդյունքում անտառային ճանապարհները դարձել են ցեխոտ եւ անանցանելի: Նա հույս հայտնեց, որ դեռ 2-3 ամիս արեւային եղանակ կլինի, եւ մարդիկ կկարողանան վառելափայտ պատրաստել:
Նշենք, որ անցյալ տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղապետերը բնապահպանության նախարարին խնդրել էին անվճար թափուկի հատկացումն ամռանն անել, որպեսզի կարողանան արեւոտ եղանակին վառելափայտ պատրաստել եւ տեղափոխել: Գյուղապետերի այդ խնդրանքը, սակայն, չբավարարվեց:
Վառելափայտի խնդիրը դեռ չի լուծվել նաեւ Դիլիջանին հարակից գյուղերում: Ձմռան վառելափայտի խնդրի պատճառով, ի նշան բողոքի, սեպտեմբերի 18-ին Դիլիջանի հարակից գյուղերի մոտ 1000 բնակիչներ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը, ինչի կապակցությամբ ոստիկանության Դիլիջանի բաժինը խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցել: Ճանապարհը փակած գյուղացիները դատարանի որոշմամբ կարող են տուգանվել 50 հազար դրամով:
Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանն ասաց, որ իրենց գյուղի գրեթե ողջ բնակչությունը ձմռանը տունը տաքացնում է փայտով, բնական գազով շատ քչերն են ջեռուցում: Գյուղապետի խոսքով` «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Սահակ Մուրադյանը պատրաստակամ է օգնելու բնակիչների վառելափայտի խնդրի լուծմանը, սակայն անձրեւային եղանակը խանգարում է: Ազգային պարկի աշխատողները անտառի խորքերում նոր ճանապարհներ պետք է բացեն, որպեսզի հատումների համար տարածք լինի: Աշունը կիսվել է, սակայն տավուշցիների վառելափայտի հարցը լուծված չէ:

Ոսկան Սարգսյան




Լրահոս