Հուշամեդալ՝ Րաֆֆի Արչալջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին անշահախնդիր օգնություն ցուցաբերելու, մեծ ներդրումների, երկար տարիների հայրենանվեր գործունեության, ինչպես նաև «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի» կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Արչալջյանը պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Րաֆֆի Արչալջյանին Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական  աջակցության համար:

«Ուրախ ենք, որ այստեղ եք: Անգնահատելի է Ձեր  ներդրումը  առողջապահական համակարգի զարգացման`մասնավորապես պատվաստանյութերի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցությունը»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Րաֆֆի Արչալջյանը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշեց, որ ինքը, կարծես, Հայաստանի դեսպանն է աշխարհում:  Նա հիշատակեց  սփյուռքահայ շատ բարերարների անուններ, ովքեր տարբեր տարիների եղել են Հայաստանի կողքին` աջակցելով հայրենիքին ամենադժվարին օրերին, նպաստելով տարբեր ոլորտների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանի հաջողություններին:

«Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամը» ստեղծվել  է Րաֆֆի Արչալջյանի կողմից` ի հիշատակ 1994 թվականին ավիավթարից զոհված կնոջ և դստեր: Հիմնադրամն իր կազմավորման օրվանից օգնել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին` իրականացնելով սոցիալական և հանրային առողջապահության բնագավառի բարելավման ծրագրեր:

Իմունականխարգելման ազգային ծրագրին «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի» աջակցությունը դրսևորվել է հիմնականում նոր պատվաստանյութերի ներդրման գործընթացին ակտիվ մասնակցությամբ:

2007 թվականին կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութի ձեռքբերմանը հիմնադրամն աջակցեց հարյուր հազար ԱՄՆ դոլար ներդրումով:    2008 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԿԽ պատվաստումներն իրականացվում են հիմնադրամի անմիջական աջակցությամբ:  Հիմնադրամը մասնակցել է նաև հնգավալենտ և պնևմակոկային պատվաստումների ներդրմանը,  ինչպես նաև 2009 թվականից հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստումների ձեռքբերման գործում պետության համաֆինանսավորմանը` յուրաքանչյուր տարի հատկացնելով 30 000  ԱՄՆ դոլար: Նոր պատվաստումների աջակցությունը կավարտվի 2015 թվականին: Հայաստանի մշտական գործընկեր հիմնադրամը հետագայում նախատեսում է Հայաստանում սկսել մեկ այլ ծրագիր, մասնավորապես` հնգավալենտ պատվաստումները երկրում աստիճանաբար փոխարինել վեցավալենտ պատվաստումներով, ինչպես իրականացվում է զարգացած երկրներում:




Լրահոս