50 ընտրական տեղամասերում կիրականացվի ձայների վերահաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում, մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ իրականացնելու մասին դիմումներ են ստացվել ՝ համամասնական ընտրակարգով 17 ընտրական տեղամասերի և մեծամասնական ընտրակարգով՝ 33 ընտրական տեղամասերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, վերահաշվարկ կիրականացվի 50 ընտրական տեղամասերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ութ ընտրական տեղմասերում վերահաշվարկ իրականացնելու նպատակով դիմել է “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը, 5 ընտրական տեղամասերում վերահաշվարկի դիմում են ներկայացրել “Օրինաց երկիր” կուսակցության ներկայացուցիչները, 1 ընտրական տեղամասի համար՝ “Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը և 3 ընտրատեղամասի համար՝ “Ժառանգություն” կուսակցությունը:
 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև ընտրություններին ընտրողների աննախադեպ ակտիվ մասնակցությանն ու նշեց, որ, այնուհանդերձ, մարզերում 100%-անոց մասնակցություն չի գրանցվել:
“Ամբողջ հանրապետությունում առկա չէ մի մարզ, որտեղ եղել է 100%-անոց մասնակցություն, իսկ ամբողջական մասնակցություն եղել է միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ տեղերում նման մասնակցություն չի գրանցվել”,- ասաց ԿԸՀ նախագահը: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում 6 քաղաքական ուժեր` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան”, “Ժառանգություն”, “Օրինաց երկիր”, “Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությունները և “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը, կհայտնվեն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում:
Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքում կկազմավորվի նաև ՀՀ կառավարությունը:




Լրահոս