Ստեփանակերտի ռազմական շքերթում ցուցադրվել են անօդաչու թռչող սարքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է զորահանդես` նվիրված Շուշիի ազատագրման  եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին:
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակով անցել են հետեւակները եւ զրահատեխնիկան, արագ արձագանքման, հրետանային, հակատանկային զորքերի, ստորաբաժանումները, հրետանային կրակի համակարգերը, հրանոթները: Ներկաների հատուկ ուշադրությանն են արժանացել  հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը: Հիշեցնենք, որ հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել էին նախորդ տարվա աշնանը Երեւանում կայացած զորահանդեսում: Իրենց պարամետրերով հայկական սարքերը չեն զիջում արտասահմանյանին:
Ստեփանակերտում տոնական զորահանդեսն ավարտվել է դեֆիլեով` նվագամբի եւ պատվավոր պահակազորի մասնակցությամբ: Տրիբունայից ռազմական շքերթի ընթացքին հետեւել են հայկական երկու պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, իշխանական կառույցների ներկայացուցիչներ:
Շքերթը դիտելու էին եկել Ստեփանակերտի բնակիչներն ու ղարաբաղյան մայրաքաղաքի հյուրերը: Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Շուշիի ազատագրման 20-ամյակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը:




Լրահոս