Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարդուհի Վարթերեսյանին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացի, խորհրդային իշխանության տարիներին ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած Դոնարա Հարությունյանին:
Բնակարաններ են նվիրաբերվել նաև հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, պետական և ռազմական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին, ինչպես նաև 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին:
Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի տոնը ևս մեկ առիթ է քաղաքապետարանի կողմից երևանցիներին անակնկալներ մատուցելու և կարևորագույն խնդիրների լուծումով մայրաքաղաքի տոնը նրանց համար ևս լիարժեք ու հիշարժան դարձնելու համար. «Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը ուրախ եմ ձեզ տեսնել Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի տակ: Ու համոզված եմ, որ ձեր ընտանիքներում ամեն տարի այս օրը հիշելու եք առանձնակի սիրով և կրկնակի ոգևորությամբ եք նշելու սիրելի քաղաքի տոնը: Իսկապես ուրախ եմ, որ «Երևան՝ իմ տուն» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում, ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված, ցանկալի ու ձեզ անհրաժեշտ բնակարանների բանալիները:
Ի սրտե շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ նոր բնակարանը յուրաքանչյուրիդ համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: Նաև մաղթում եմ, որ այդ բնակարանները ձեզ համար դառնան ընտանեկան ջերմության և անմնացորդ սիրո անառիկ ամրոցներ, որը կվայելեք առողջ ու երջանիկ»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարթուհի Վարթերեսյանը, օգտվելով առիթից, իր և բնակարաններ ստացող ընտանիքների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նկատելով, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է. «Երևանի օրն իսկապես տոնի է վերածվել մեզ համար: Թող բնակարանի խնդիր ունեցող յուրաքանչյուր ընտանիք ապրի ու զգա այս երջանկությունը, որը մենք զգացինք այսօր: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ ձեր նոր բնակարաններում ապրեք առողջ ու երջանիկ»,- նշել է Վարթուհի Վարթերեսյանը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո Տարոն Մարգարյանը շփվել է բնակարաններ ստացած քաղաքացիների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց Երևանի օրվա ու նոր բնակարաններ ստանալու կապակցությամբ՝ վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական: Նոր բնակարանների սեփականատերերն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են իրենց ամենաերկար սպասված նվերը: