Այսօր ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ տրվելու է նրանց և ՀՅԴ-ի կողմից իշխանություններին ներկայացրած 12 կետերի իրականացման գնահատականը: Սակայն դա տրվելու է միայն երեք ուժերի կողմից. Դաշնակցության տեսակետն ամբիոնից չի հնչելու:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե գնահատականը կազմելու հարցում իրենց կարծիքն առհասարակ հաշվի չի առնվել:
«Որևէ ձևով չեմ ուզում նսեմացնել իմ գործընկերներին, բայց այդ ձևով չեն աշխատում: Սա ցույց է տալիս, որ անպատասխանատու վերաբերմունք է գործընկերոջ նկատմամբ և ավելին՝ այս ձևով վերաբերմունքը համոզված եմ, որ խնդիրներ է առաջացնելու նաև իրենց ներսում. ապագայում կհամոզվեք», – ընգծեց նա:
Նրա խոսքով, պետք է քննարկում տեղի ունենար, ոչ թե նամակագրություն: Ա. Մինասյանը նշեց, թե իրենց առաջարկները պարզապես անտեսվել են:
«Մոռանում ենք, որ 12 կետերի ձևավորման առանցքային առաջարկողներից մեկը Դաշնակցությունն է եղել և ոչ միայն այդ կետերի: Հիմա իրենք որոշել են, որ առանձին պետք է գործունեությունը ծավալեն, դա իրենց իրավունքն է, իրենց հաջողություն ենք ցանկանում: Պարզապես շատ կուզենանք, որ մեր ժողովուրդը հերթական հիասթափությունը չապրի», – հավելեց նա: