Այսքան տարիների ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է գոնե մեկ ադրբեջանանպաստ փաստաթուղթ պոկել ԵԽԽՎ-ից և դրա համար լուրջ ստվերային գործունեություն է ծավալում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով վեհաժողովում հայկական պատվիրակության ձախողմանն ու Ադրբեջանի հաջողություններին:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ իրենք փորձել են անել հնարավորը, որպեսզի հակահայկական այդ զեկույցը չընդունվի: «Ես իմ ելույթի ժամանակ էլ մի շարք կարևոր փաստարկներ հնչեցրեցի, որից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը նյարդայնացավ և սկսեց պահանջել, որ դադարեցնեն իմ ելույթը»,- նշեց Նաղդալյանը:
Նա զարմանալի է համարում ընդդիմության կողմից իր անձի դեմ ուղղված քննադատությունը՝ ընդգծելով, թե պատվիրակության անդամներից 5-ը պատգամավոր են և միայն երեքն են իշխանության ներկայացուցիչ:
Նաղդալյանն ընդգծեց, թե իր ելույթը բավական երկար է եղել, քանի որ կարևոր փաստարկներ է ներկայացրել: Անդրադառնալով ԵԽԽՎ նիստի ժամանակ իր խոսափողն անջատելու, նիստերի դահլիճից դուրս հրավիրելու դեպքերին, նա հայտնեց, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգում գոյություն չունի երկրի պատվիրակությանը նիստերի դահլիճից դուրս հանելու մասին կետ:
«Նման գործիք չկա, նման իրավունք, դրույթ չկա: Մենք դուրս ենք եկել դահլիճից, երբ կատարել ենք մեր հայտարարությունն այն մասին, որ այդ զեկույցի վերաբերյալ մեր համագործակցությունը դադարեցնում ենք: Դրանից հետո մենք գնացել ենք դահլիճից: Ի դեպ, մենք ասածն էլ ես և ինձ փոխարինող Նաիրա Կարապետյանն է եղել»,- նշեց նա՝ հավելելով, թե դա եղել է քաղաքական որոշում:
Նաղդալյանի խոսքով, այս պահին իր՝ որպես պատվիրակության ղեկավարի փոփոխության հարց չի էլ քննարկվել, սակայն, հնարավոր է պատվիրակության կազմի փոփոխություն:
Հիշեցնենք, որ այս վեհաժողովի ընթացքում հայկական պատվիրակության աշխատանքն այդքան էլ արդյունավետ չի ստացվել և ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է հակահայկական զեկույց պատրաստել: