Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն զանգահարեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մի քանի բնակիչներ՝ հայտնելով, որ այսօր վաղ առավոտից Աբովյան-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցներ գրեթե չկան: Բնակիչները հայտնեցին, որ իրենց տեղեկություններ են հասել, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջանքերով ձեռք բերված միկրոավտոբուսները հանրապետության մի շարք համայնքներ են տարվել, որպեսզի այսօրվա կայանալիք հանրահավաքի համար մարդկանց տեղափոխեն մայրաքաղաք:
Այս պահին աշխատում է միայն Աբովյանից Երևան եկող երթուղայինների մյուս հատվածը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող, այն էլ լավագույն դեպքում մեկ ժամում՝ մեկ ավտոբուս հաճախականությամբ:
Բնակիչների կասկածները փարատելու համար Armlur.am-ը կապ հաստատեց ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ, ով վստահաբար ասաց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծ ցանկություն ունեն մասնակցելու այս հանրահավաքին: Որևէ հատուկ կազմակերպելու անհրաժեշտություն չկա, որպեսզի մարդիկ գան: Միակ խնդիրն է ապահովել մարդկանց ազատ տեղաշարժը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում կկայանա ոչ իշխանական «եռյակի» կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցություն կունենա նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: