Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի գյուղապետերը Tert.am -ի հետ զրույցում հաստատել են այն լուրը, որ երեկ Տավուշի մարզի մի քանի գյուղերում գիշերն անհանգիստ է անցել, քանի որ ադրբեջանական կողմը մինչև գիշերվա ժամը երկուսը գնդակոծել է հայկական գյուղերը։
Երկու գյուղերի գյուղապետերը նաև տեղեկացրեցին, որ, բարեբախտաբար, երկու գյուղերում էլ զոհեր և վիրավորներ չկան: Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշեց, որ գիշերային գնդակոծությունների պատճառով այսօր գյուղում հետաձգվել են Շուշիի ազատագրման 20-ամյակի և Մեծ հայրենական պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 67-ամյա տարեդարձի առիթով նախատեսված միջոցառումները: “Ծրագիրը փոխեցինք, նախատեսված էր մեծ միջոցառու”,- ասաց Լյուդվիգ Ապերյանը: Գյուղապետը նշեց, որ ադրբեջանցիների կողմից Մովսես գյուղի տների, դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք-չորս անգամ պարբերականությամբ կամ ինչպես գյուղապետը ձևակերպեց՝ “շաբաթը երեք-չորս օրը՝ պարտադիր ա”: Լյուդվիգ Ապերյանի խոսքով՝ գյուղի չափահաս և ավագ տարիքի բնակչությունը տարիների ընթացքում սովորել է ապրել մշտական գնդակոծության տակ, սակայն երեխաները վախենում են: “Դպրոցականները վախենում են, դե փոքր էրեխեք են. մի քանի օր առաջ, դասերը վերջացրած՝ ժամը երկուսն էր, էրեխեքին խփեցին էնտեղ, որտեղ կանգնած էին “,-ասաց գյուղապետը, ով հավելեց, որ անցած գիշերվա կրակոցներն ամենաուժգինն էին ու տևողությամբ ամենաերկարը՝ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով՝ շուրջ 300-500 մետր հեռավորության վրա և մշտապես հակառակորդի նշանառության տակ են: Ինչպես հաղորդում է Razm.info-ն, երեկ գիշեր ուժեղ գնդակոծվել են նաև մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ:
Tert.am -ի հետ զրույցում, Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ երեկվա դեպքերից, քանի որ գիշերը գյուղում չի եղել, այլ՝ Վանաձոր քաղաքում: Սակայն վերջինս նաև հավելեց, որ ադրբեջանցիները շատ հաճախ են կրակում Այգեպար գյուղի ուղղությամբ: “Ո~նց ուզում են՝ կրակում են, էլի, մեկ էլ տեսնում ես՝ գիշերը սկսեցին՝ անկապ- անկապ”: