Մեր ֆրակցիան ընդդիմադիր չէ՝ այլընտրանքային է. ԲՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ԱԺ ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքը: Եռյակի կողմից արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ հանրահավաքին ներկա են լինելու նշված ուժերի ղեկավարները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է այդ ուժերի՝ ԱԺ խմբակցությունների անդամների մասնակցությանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ԲՀԿ-ն այդ հարցում լուրջ խնդիրներ ունի:

Բանն այն է, որ Աժ ԲՀԿ խմբակցության գործարար հատվածը չի ցանկանում ներկա գտնվել հանրահավաքին:

Այդ պատգամավորների թվին են դասվում Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Արշակ Մխիթարյանը (Բռլիանտի Արշակ), Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Աբրահամ Մանուկյանը եւ այլք: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ՝ պարզելու` արդյո՞ք նրանք մասնակցելու են այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Սակայն ողջ օրվա ընթացքում վերը նշված պատգամավորները կա՛մ մեր զանգերին չէին պատասխանում, կա՛մ էլ նրանց հեռախոսներն անջատված էին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) միակն էր, ոըր համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

-Պարո՛ն Մարգարյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ մասնակցելու է եռյակի կազմակերպած այսօրվա հանրահավաքին: Խնդրում եմ ասեք` Դուք հանրահավաքին ներկա լինելո՞ւ եք, թե՞ ոչ:

-Եթե ինձ կասեն, որ պետք է ներկա լինեմ հանրահավաքին, ես ներկա կլինեմ, նկատի ունեմ պարոն Ծառուկյանին: Բայց ինձ նման բան չեն ասել:

-Այսինքն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որոշում չկա՞ այն մասին, որ խմբակցության անդամները պետք է պարտադիր ներկա լինեն հանրահավաքին:

-Ամեն դեպքում` ես դեռ տեղյակ չեմ, երեւի չի կայացվել:

-Նշվում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության շատ պատգամավորներ հրաժարվել են ներկա լինել հանրահավաքին, քանի որ այդ դեպքում իրենց բիզնեսները կարող են իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվել: Դուք ե՞ւս նման մտավախություն ունեք:

-Ես նմանատիպ պրոբլեմ չունեմ ու չեմ էլ ունենա, պարզապես չեմ կարողանում նաեւ հասկանալ, թե ինչ պրոբլեմի մասին է խոսքը: Եթե ֆրակցիայի ղեկավարը որոշում է կայացրել, որ ինքը ներկա է լինելու ու ինքն էլ որոշում է կայացնում, որ պետք է պատգամավորները եւս ներկա լինեն, ապա ես այդտեղ չեմ տեսնում, որ ինչ-որ այլ հարց կամ խնդիր կա:

-Խնդիրը վերաբերում է ԲՀԿ խմբակցության գործարար անդամներին, որոնք հանրահավաքին մասնակցելու դեպքում հնարավոր է վտանգեն իրենց բիզնես գործունեությունը:

-Ես Ձեր նշած բիզնես ասվածը չունեմ ու ինչ-որ տեղ իշխանական լծակներից չեմ օգտվել ու չեմ էլ օգտվում, ամեն դեպքում՝ դա ինձ չի վերաբերվում: Իսկ ում վերաբերվում է, վերաբերվում է, ես գործ չունեմ:

-Տեղեկություններ կան, որ այսօրվա հանրահավաքում շատ կոշտ հայտարարությունների եւ իշխանափոխության հստակ պահանջի հնչեցման դեպքում շատ ԲՀԿ-ականներ ուղղակի կլքեն խմբակցությունը: Դուք լինելո՞ւ եք այդ «լքողների» շարքերում:

-Հաշվի առնելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընդդիմությունում չէ, նմանատիպ բան, ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում: Իսկ եթե ԲՀԿ-ն անցնի ընդդիմության, դա արդեն այլ թեմա կարող է լինել: Բայց այսօր ԲՀԿ-ն ընդդիմությունում չի, ինչպես տեղյակ եք, այլընտրանքային կուսակցություն է, ինչպես որ բազմիցս հայտարարվել է կուսակցության ղեկավարի կողմից:

-Բայց ԲՀԿ-ն, ի դեմս Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, արդեն հայտարարել է, որ ինքն իշխանափոխություն է ցանկանում, դա չի նշանակո՞ւմ, որ ԲՀԿ-ն փոխում է իր քաղաքական կուրսը:

-Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է խոսվում, ամեն դեպքում՝ կարծում եմ, որ եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է գնում, նա կհայտարարի դրա մասին: Ես զուտ տրամաբանական շրջանակներում եմ այդ հարցը դիտարկում. ես չգիտեմ՝ ով ինչ է հայտարարել, ամեն դեպքում՝ գտնում եմ, որ եթե մի կուսակցություն իշխանափոխություն է ուզում, նախ եւ առաջ ԱԺ-ում պետք է հայատարի, որ ինքն ընդդիմություն է դառնում, որպեսզի ըստ դրա շարունակի իր գործունեությունը: Մեր ֆրակցիան ընդդիմադիր չէ, այլընտրանքային է:

-Այսինքն՝ այդ հայտարարությունից հետո էլ Դուք կհստակեցնեք՝ մնալո՞ւ եք ԲՀԿ-ի շարքերում, թե լքելո՞ւ եք կուսակցությունը:

-Ես չեմ սիրում խոսել, թե եթե այսպիսի որոշում կայացվի, դրանից հետո ես ինչ կանեմ, որոշումը կկայացվի, ըստ դրա էլ կշարժվենք առաջ: Իսկ եթե այդ որոշումը չկա, ես չեմ ցանկանում ինչ-որ ամպագորգոռ բառեր ասել կամ հետեւություններ անել: Ես ռեալիստ եմ ու ապրում եմ այս կյանքով:

-Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է սպասել եռյակի այսօրվա հանրահավաքից:

-Ես չեմ հասկանում՝ ով է, կամ ինչն է տագնապ առաջացրել, ես ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ Հայաստանի՝ 20-25 տարվա պատմության մեջ նման ժողովներն ու հանրահավաքները 1000-ից ավել են եղել… ժողովուրդն ինչ սպասում ունի, թող այդ սպասումներն այդպես էլ ունենա:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս