Ի՞նչ քայլերի արդյունքում է մեր «ծակ բյուջեն» դատարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մշտապես ամենաբարձր մակարդակով խոսվում է գանձագողության, թալանի, խաբեության, կոռուպցիայի ամենատարբեր դրսեւորումների մասին, սակայն երբ դրանց օրինակները փաստացի ի ցույց են դրվում, գոռացողները, չգիտես ինչու, լռում են: ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ կոնկրետ ՀՀ սոցիալական ապահովության ոլորտում ուշագրավ բացահայտումներ է արել, իսկ պատիժներն, ինչպես միշտ, ուշանում են:

Ինչ է սահմանում օրենքը

Եւ այսպես՝ սոցիալական ապահովության ոլորտում Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է ժամանակավոր նպաստների վճարման խնդիրը ու բավականին հետաքրքիր իրողություններ արձանագրել: Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, նախ հիշեցնենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդը սահմանվում է՝

ա/ 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության)

բ/ բարդ ծննդաբերության դեպքում՝ 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)

գ/ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության):

Հղիության եւ ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է ՀՀ կառավարությունը պետբյուջեից՝ 14.07.2011թ. N1024-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Հղիներն ավելացել են

Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում 2011թ.գրանցվել է 43.340 ծնունդ, նպաստառուների թվաքանակը կազմել է 12.587 մարդ, որի համար ՀՀ պետբյուջեից վճարվել է 3 մլրդ 927 մլն 940 հազ. դրամ նպաստ:

2012թ. գրանցվել է 42.480 ծնունդ, սակայն նպաստ է ստացել 12.445 մարդ, որոնց վճարվել է 3 մլրդ 646 մլն 735 հազ. դրամ նպաստ:

2013թ. գրանցվել է 41.770 ծնունդ, որոնցից նպաստ են ստացել 13.370-ը, նրանց վճարվել է 5 մլրդ 38 մլն 531 հազ. դրամ նպաստ:

Նկատեցի՞ք՝ թեեւ 2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, սակայն ՀՀ պետբյուջեից վճարվել է 1.391.795.2 հազ. դրամ ավել գումար: ՀՀ Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ 2013թ. պետական բյուջեով նախատեսվածից հղիության եւ ծննդաբերության նպաստի ծրագրով 1.927.335.9 հազ.դրամ ավել է վճարվել:

Իսկ ինչպե՞ս են հիմնարկ-ձեռնարկությունները հաջողացրել պետբյուջեից առավել մեծ գումար «կորզել»: Այս հարցի պատասխանն էլ կա. պարզվում է, որ շատ դեպքերում հղիության եւ ծննդաբերության նպաստները նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշ¬խա¬տանքի ընդունված հղի կանանց: Այսինքն՝ չի բացառվում, որ ծանոթ-բարեկամներին բերել, «հաստիք» են տվել իրենց հիմնարկներում, ավելին՝ ակնհայտ բարձր աշխատավարձ են գրել՝ որպես հավելյալ վճարներ կամ պարգեւատրում, որպեսզի հղիների անունով ավելի մեծ փող ստանան պետբյուջեից:

Ովքե՞ր են եղել խարդախները

Համաձայն Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության բա¬ժա¬նորդ¬նե¬րի սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն.400 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Այս գումարը գոյացել է այն պատճառով, որ նա նախածննդյան արձակուրդին նա¬խոր¬դած 12 ամիսների ընթացքում ստացել է շուրջ 18 մլն. դրամի պարգեւատրում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ որակի աշխատողներ ունի «Վիվա-սելլ»-ը. մեկ տարում նրան մոտ 43 հազար ԱՄՆ դոլար պարգեւ են տվել: Ու դրա արդյունքում աշխատակիցը կարողացել է մոտ 71 հազար ԱՄՆ դոլար ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Պակաս տպավորիչ չեն նաեւ, օրինակ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին տրված թվերը: Նրան 2013թ. սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Դարձյալ մոտ 43 հազար ԱՄՆ դոլար: Այս թիվը հնարավոր է եղել ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության աշխատակցի համար, քանի որ նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում՝ 2013թ. մարտին, նրան վճարվել է 9,8 մլն դրամ (մոտ 23 հազար ԱՄՆ դոլար), իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջ՝ 2013թ. օգոստոսին, միանգամից 15,8 մլն դրամ (մոտ 38.5 հազար դոլար) պարգեւատրում:
Երջանիկ է եղել նաեւ «Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտը. նրան 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն. 450 հազ. դրամ (մոտ 39 հազար դոլար) հղիության եւ ծննդաբերության նպաստ:
Եվրոպական արժեքներով առաջնորդվող «Երեւանի կոնյակի գործարան»-ում էլ են նման շռայլություններ գրանցվել: Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության եւ ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ (մոտ 23 հազար դոլար): Նրա 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը եւ հավելավճարը կտրուկ բարձրացել են` կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Իսկ երբ հղիության ու ծննդաբերության նպաստը ստացել-վերջացել է, հետծննդյան արձակուրդի ամիսներին ստացել է՝ ապրիլին՝ 2 մլն. 400 հազ.դրամ, մայիսին՝ 1 մլն. 380 հազ.դրամ, հունիսին՝ 1 մլն. 500 հազ.դրամ աշխատավարձ եւ հավելավճարներ: Նկատեցիք՝ ինչպես է գահավիժել աշխատավարձը:

Ահա թե ինչ քայլերի արդյունքում է մեր «ծակ բյուջեն» դատարկվում: Իսկ այս ընկերությունները չեն զլանում ամեն առիթով հպարտանալ, թե բարեգործություն են անում, կուսական անարատությամբ են աշխատում եւ այլն: Իսկ իրականում նրանք «պետությունից մի բան պոկելու» հոգեբանությամբ են աշխատում, որի վրա տարիներ շարունակ աչք է փակել «ամեն ինչից հասկացող» ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:
Հուսանք՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերը չեն ավարտվի բյուջեից կատարվող թալանի նոր՝ առավել ագրեսիվ դրսեւորումներով:

Թամարա Միքայելյան




Լրահոս