2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրենց քաղաքացիությունը դադարեցնել են տվել 10.668 մարդ: Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը: Ըստ գնդապետի, բավականին լարված է եղել նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգին անցնելու պրոցեսը:
«Ժողովուրդ»-ի խմբագրությունն էլ բազում ահազանգեր է ստացել մի շարք քաղաքացիների կողմից, որոնք հայտնում են, որ ոստիկանությունը հորդորում է, իսկ անձնագիրը կորցնելու դեպքում՝ նաեւ ստիպում է մարդկանց հին նմուշի անձնագիրը փոխարինել նոր, ճամփորդական անձնագրով եւ նույնականացման քարտով: Սակայն մարդիկ նոր քարտերով խնդիրների առաջ են կանգնում, քանի որ բանկերում, առեւտրի կենտրոններում նույնականացման քարտով հրաժարվում են գործարք կատարել` պատճառաբանելով, թե չունեն այն սարքը, որով հնարավոր կլինի ստուգել քաղաքացու տվյալները:
Այս եւ այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանի հետ:
-Պարո՛ն Սարդարյան, քաղաքացիները շատ հաստատություններում, այդ թվում եւ՝ բանկերում, չեն կարողանում հին նմուշի անձնագրերին փոխարինող նույնականացման քարտով գործարք կատարել, քանի որ քարտը ստուգող սարքեր չկան:
-Սա ոստիկանության գործառույթներից դուրս է:
-Այսինքն՝ Դուք միայն պարտադրում եք, որ քաղաքացին ձեռք բերի քարտը, իսկ թե հետո ինչ կլինի, չե՞ք հետաքրքրվում:
– Սարք չունենալը ծառայություն մատուցող կազմակերպության խնդիրն է: Եվ ցանկացած կազմակերպություն ինքը պետք է շահագրգռված լինի ձեռք բերելու նույնականացման քարտի տվյալները կարդացող սարք: Օրինակ, եթե ես մոտենում եմ որեւէ կազմակերպության եւ նրանք սարքը չունեն, կարող եմ պահանջել՝ ասելով, որ սա իմ անձը հաստատող փաստաթուղթն է, իսկ սարքը հայթայթելու խնդիրն արդեն իրենցն է:
Չեմ ասի, որ բանկը, բայց հայտարարություն էր տարածել, որ նույնականացման քարտով գործարք չի կատարում, վիզաների վարչության կողմից գրություն ուղարկեցինք բանկի ղեկավարությանը՝ ասելով, որ նույնականացման քարտն անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, եւ եթե դուք մերժում եք քաղաքացուն՝ գործարք կատարել, ապա գրավոր տվեք հիմնավոր պատասխան: Եթե չեք տալիս, ապա պետք է թույլ տաք ձեր ծառայությունից օգտվել: Բանկը հասկացավ, որ սխալ է անում, ձեռք բերեց սարքը եւ կատարեց գործարքը:
– Այնուամենայնիվ, ավելորդ քաշքշուկ է ստեղծվել: Եւ շատ քաղաքացիներ չեն կարողանում գործարք կատարել, բանկը հրաժարվում է սարք ձեռք բերելուց:
-Բանկը պետք է շահագրգռված լինի, ինչքան քաղաքացի գնա, դա իր օգուտն է: Ուշ թե շուտ բոլորն էլ այդ սարքավորումներն ունենալու են:
-Եթե քաղաքացին կորցրել է ե՛ւ նույնականացման քարտը, ե՛ւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ի՞նչ է սպասվում նրան: Հին նմուշի անձնագրի դեպքում քաղաքացին դիմում էր գրում եւ ստանում նոր անձնագիր:
-Այս դեպքում նա պետք է վճարի նույնականացման համար նախատեսված 3000 դրամը, կենսաչափականի համար՝ 25.000 դրամը:
-Չե՞ք կարծում, որ շատ դաժան պայմաններ են:
-Բայց ինչո՞ւ, քաղաքացին է, չէ՞, կորցրել իր քարտը: Եվ հետո՝ այն ժամանակ միայն դիմումով չէր, վճարում էին անձնագրի գումարը՝ 1000 դրամ, վավերականությունը` 1000, հինգը տարվա վավերականության համար՝ 5000 դրամ: Եթե նկատեցիք՝ նույնականացման քարտի դեպքում ընդամենը 3000 դրամ է, ինչն առավել մատչելի է: Իսկ կենսաչափականն այլ հարց է:
– Երբ ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանի դաշնությունից արտաքսում են, նրանք գալիս են Հայաստան եւ այլ անուն ազգանունով անձնագիր են ձեռք բերում, ապա հետ են վերադառնում այնտեղ, որտեղից եկել էին: Ի՞նչ եք անում այս խայտառակությունը կանխելու համար:
-Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր անուն ազգանունը փոխել: Եթե քաղաքացին ցանկանում է փոխել իր անունը կամ ազգանունը, մենք իրավունք չունենք մերժելու: Դա օրենքով թույլատրելի է: Դա մի՛ շփոթեք այն երեւույթի հետ, երբ ինչ-որ մեկին արջի ծառայություն են մատուցել եւ հապճեպ, առանց հիմքի տվել են այդ անձնագիրը: Դա քրեորեն պատժելի արարք է:
Քնար Մանուկյան